Բավ է պառակտվել
07-01-2021 17:26

Երևանը մեղադրել է Բաքվին նոյեմբերի 9-ին Արցախի վերաբերյալ հայտարարության բազմաթիվ խախտումների մեջ

Ադրբեջանական կողմը խախտել է և շարունակում է խախտել Արցախի վերաբերյալ 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության մի շարք առանցքային դրույթներ: Այս մասին ասել է ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղար Աննա Նաղդալյանը:

Նաղդալյանի մեկնաբանությունը հրապարակվել է հինգշաբթի օրը՝ կապված Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության հետ, որ «ՀՀ ԱԳ նախարարի այցը Արցախ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների խախտում է»:

«Այս պնդումները (Ադրբեջանի) ամբողջովին սին և հիմնազուրկ են: Նոյեմբերի 9-ի հայտարարությունը որևէ սահմանափակում չի մտցնում Հայաստանի և Արցախի միջև տարբեր մակարդակներում կապերի մասով:», - շեշտել է Նաղդալյանը:

Խոսնակը հավելել է, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, որն ուղղված էր հրադադար հաստատելուն և Արցախ ռուս խաղաղապահներ տեղակայելուն, չի արձանագրում որևէ համաձայնություն Արցախի կարգավիճակի մասով: «Եվ այդ տեսակետից այն բոլոր պնդումները, որ Արցախի կարգավիճակի մասով տեղի են ունեցել փոփոխություններ, իրականությանը չեն համապատասխանում», - ասել է նա:

Նաղդալյանը նաև նշել է, որ Արցախի կարգավիճակը պետք է որոշվի խաղաղ գործընթացի արդյունքում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջարկված սկզբունքների, ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հիման վրա:
Նա ներկայացրել է, թե ինչպես է գնահատում հայկական կողմը Ադրբեջանի կողմից նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կատարման ընթացքը։

«Նոյեմբերի 9-ի հայտարարության արդյունքում դադարեցվեցին լայնածավալ ռազմական գործողությունները, և Արցախում տեղակայվեցին ռուս խաղաղապահներ: Միևնույն ժամանակ ադրբեջանական կողմը խախտել է և շարունակում է խախտել եռակողմ հայտարարության մի շարք առանցքային դրույթներ», - արձանագրել է մամլո քարտուղարը:

Այսպես, նշել է Նաղդալյանը, եռակողմ հայտարարության առաջին կետի համաձայն կողմերը պետք է կանգ առնեն նոյեմբերի 10-ի դրությամբ իրենց կողմից զբաղեցրած դիրքերում և ավարտեն ռազմական գործողությունները:

«Մինչդեռ ադրբեջանական կողմը հրադադարի հաստատումից ավելի քան մեկ ամիս հետո ռազմական գործողություններ է իրականացրել Արցախի Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ բնակավայրերի ուղղությամբ՝ պատճառելով մարդկային կորուստներ և գերեվարելով տեղում գտնվող հայ զինծառայողների: ՀՀ ԱԳՆ-ն անդրադարձել է հայտարարության այդ կոպիտ խախտմանը իր դեկտեմբերի 13-ի հայտարարությամբ»,- ասել է նա:
Նաղդալյանը հավելել է, ար ադրբեջանական կողմը մինչ օրս ամբողջովին չի կատարում եռակողմ հայտարարության 8-րդ կետը, որի համաձայն պետք է տեղի ունենա ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց փոխանակում: Ինչի հետևանքով ազատ չեն արձակվում հայ ռազմագերիներն ու պատանդի կարգավիճակում հայտնված անձինք:

«Ավելին, ադրբեջանական կողմը քրեական գործեր է հարցում հայ ռազմագերիների հանդեպ և ամենաբարձր մակարդակով նրանց ներկայացնում որպես ահաբեկիչներ՝ փորձելով խոչընդոտել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ամբողջական կատարումը»,- նշել է հայկական ԱԳՆ մամլո քարտուղարը և հավելել, որ ադրբեջանական կողմից նոյեմբերի 9-ի հայտարարության խախտումների դադարեցումը անհրաժեշտ է եռակողմ հայտարարության լիարժեք իրականացման համար:

Հայաստանի արտգործնախարարության ղեկավարի այցը Ստեփանակերտ

ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը երեքշաբթի աշխատանքային այցով մեկնել է Արցախ և հանդիպել Արցախի նորանշանակ գործընկեր Դավիթ Բաբայանի հետ: Նրանք ստորագրել են Հայաստանի և Արցախի արտգործնախարարությունների միջևխորհրդակցությունների ծրագիր։

Այվազյանն ու Բաբայանը մանրամասն քննարկել են Արցախի ժողովրդի դեմ թուրք-ադրբեջանական ագրեսիայից բխող իրավիճակը, նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների իրագործումը և արցախահայության առջև ծառացած խնդիրների լուծումը:

Նրանք նշել են, որ ղարաբաղյան հակամարտության քաղաքական կարգավորման հիմնական սկզբունքն է Արցախի ժողովրդի ինքնորոշման և անվտանգության իրավունքի ճանաչումը, ադրբեջանական օկուպացիայի տակ գտնվող Արցախի տարածքների դեօկուպացիան, ինչպես նաև արցախահայության իրավունքների վերականգնումն ու պաշտպանությունը: