Բավ է պառակտվել
06-10-2022 16:01

Երևանը հերքում է իբր «տանջամահ արված» ադրբեջանցի զինվորների դիակները փոխանցելու մասին Բաքվի հաղորդագրությունը

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է Ադրբեջանի գլխավոր դատախազության տարածած տեղեկությունը, թե ադրբեջանական կողմին է հանձնվել 6 ադրբեջանցի զինծառայողի դի։
«Ադրբեջանը, փորձելով ինչ-որ բացատրություն գտնել ողջ աշխարհով տարածված սարսափելի տեսանյութին, որտեղ ադրբեջանցի զինծառայողները գնդակահարում են զինաթափված հայ զինծառայողներին, երկրի գլխավոր դատախազության միջոցով այսօր մի անհեթեթություն է տարածել, ըստ որի՝ իբր «ադրբեջանական կողմին է փոխանցվել 6 ադրբեջանցի զինծառայողի մարմին, որոնց տանջամահ են արել այն հայ զինծառայողները, որոնք պատկերված են հիշյալ տեսանյութում»,- ասված է Հայաստանի պաշտպանական գերատեսչության հաղորդագրության մեջ։
ՊՆ-ն ընդգծել է, որ գրեթե ողջ քաղաքակիրթ աշխարհից հնչած դատապարտումներն ու հետաքննություն անցկացնելու կոչերն ընդունելու փոխարեն՝ պաշտոնական Բաքուն փորձում է արդարացումներ գտնել իր զինծառայողների կողմից իրականացված հրեշավոր վայրագություններին։
«Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ ադրբեջանցի զինծառայողների մարմիններ ադրբեջանական կողմին չեն փոխանցվել, իսկ Ադրբեջանի գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունը կոչված է կոծկել Ադրբեջանի ԶՈՒ կողմից իրականացված պատերազմական հանցագործությունները»,- ասված է հաղորդագրության մեջ։