Բավ է պառակտվել
17-11-2021 14:27

Երևանն ակնկալում է գործընկերի անհապաղ ազդեցությունն Ադրբեջանի վրա՝ սադրիչ գործողությունները և ոտնձգությունները ՀՀ նկատմամբ դադարեցնելու համար․ ԱԳՆ

Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը չորեքշաբթի ընդունել է Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին, որի ընթացքում ծանոթացրել է մասնակիցներին Հայաստանի և Ադրբեջանի սահմանին երեկ տեղի ունեցած Ադրբեջանի սադրիչ և ագրեսիվ գործողությունների մանրամասները, հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը։

Ներկայացնելով ագրեսիայի մանրամասները՝ Միրզոյանը նշել է, որ ադրբեջանական կողմը կիրառել է հավանաբար բոլոր միջոցները՝ բացի օդուժից:

«Հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների: Եվ պետք է նկատենք, որ մենք չենք կարող սա անվանել այլ կերպ, քան ագրեսիա Հայաստանի Հանրապետության նկատմամբ», -ընդգծել է նա, հավելելով, որ մարտական գործողությունների դադարեցումից հետո շարունակվում է ադրբեջանական զինուժի ներկայությունը Հայաստանում։

Միրզոյանը նշել է, որ ակնհայտ է, որ այս գործողություններին նախորդել են ամիսներ շարունակ Ադրբեջանի իշխանությունների կողմից շատ հստակ հայատյաց, քսենոֆոբիկ, ագրեսիվ հայտարարությունները, ուժի կիրառման անթաքույց սպառնալիքները, ՀՀ տարածքի նկատմամբ ոտնձգությունները, նկրտումները, հավակնությունները, ինչպես նաև, այսպես կոչված, «միջանցքային տրամաբանությունը»․ միջանցք ունենալու հայտարարությունները, այդ թվում՝ ուժի կիրառմամբ միջանցք վերցնելու վերաբերյալ ուղղակի հայտարարությունները։

ԱԳՆ ղեկավարի խոսքով՝ հայկական կողմի խորը համոզմամբ՝ Ադրբեջանի այս վարքագիծը հետևանք է նրա, որ Հայաստանի միջազգային գործընկերները և միջազգային հանրությունն առհասարակ, պատշաճ և հասցեական չեն արձագանքել Ադրբեջանի կողմից ուժի կիրառմանը դեռ անցած տարի Լեռնային Ղարաբաղի դեմ սեպտեմբերի 27-ին սկսված ագրեսիայի ժամանակ, և այնուհետ նաև վերջին ամիսների ընթացքում։ Այս առումով նա համոզմունք է հայտնել, որ բոլոր նշած սադրիչ, ագրեսիվ հայտարարություններին և գործողություններին միջազգային հանրության արձագանքը չի եղել հասցեական և պատշաճ:

«Կողմերի միջև հավասարության նշան դնող շարունակական հայտարարություններն Ադրբեջանի կողմից ուղղակիորեն ընկալվել են իբրև խրախուսանք՝ շարունակելու այդ վարքագիծը: Մենք ակնկալում ենք, որ մեր գործընկեր ու բարեկամ երկրներն անհապաղ և հասցեական կարձագանքեն այս գործողություններին և կկիրառեն իրենց անմիջական ազդեցությունն Ադրբեջանի Հանրապետության վրա՝ հորդորելու դադարեցնել սադրիչ գործողությունները և ոտնձգությունները Հայաստանի Հանրապետության նկատմամբ», - հայտարարել է Միրզոյանը։

ԱԳՆ ղեկավարը տեղեկացրել է նաև, որ ՄԱԿ-ի կանոնադրության և բոլոր երկկողմ ու բազմակողմ պայմանագրերի շրջանակներում Հայաստանն իրեն իրավունք է վերապահում պաշտպանելու իր տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը:

«Եվ այս պահից սկսած, իրավիճակի հետագա լարման ողջ պատասխանատվությունն ուղղակիորեն ընկնում է Ադրբեջանի Հանրապետության վրա», - ընդգծել է նա։

Միաժամանակ, հավելել է Միրզոյանը, Ադրբեջանը, լարվածությունը տեղափոխելով Հայաստան-Ադրբեջան սահմանագիծ, Հայաստանի տարածք, փորձում է շեղել միջազգային հանրության ուշադրությունը ղարաբաղյան հակամարտությունից:

«Եվս մեկ անգամ ընդգծեմ, որ Հայաստանի Հանրապետությունը պաշտպանելու է ինչպես իր տարածքային ամբողջականությունը, այնպես էլ՝ Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը»,- հայտարարել է նա:

Հանդիպման վերջում Արարատ Միրզոյանը պատասխանել է ներկաների հարցերին։