Հայաստանն ակնկալում է Թուրքիայի դրական արձագանքը երրորդ երկրների համար սահմանը բացելու պատրաստակամության վերաբերյալ, լրագրողներին ասաց ՀՀ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2020 թվականի աշնանը արցախյան 44-օրյա պատերազմից հետո սկսեց ակտիվորեն քարոզել տարածաշրջանում, այսպես կոչված, «խաղաղության դարաշրջան» ձևավորելու գաղափարը, և այս տրամաբանությամբ արդեն գործնական քայլեր են արվում Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունները բարելավելու ուղղությամբ։
Մասնավորապես, Հայաստանն ու Թուրքիան նշանակել են երկկողմ հարաբերությունների գծով իրենց հատուկ ներկայացուցիչներին, որոնք արդեն չորս հանդիպում են անցկացրել։ Այս տարվա հուլիսի 1-ին Վիեննայում կայացած վերջին հանդիպման արդյունքում կողմերը պայմանավորվել են ապահովել հայ-թուրքական ցամաքային սահմանը հնարավորինս արագ հատելու հնարավորությունը համապատասխանաբար Հայաստան և Թուրքիա այցելող երրորդ երկրների քաղաքացիների համար։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև Հայաստանի և Թուրքիայի միջև ապրանքների ուղիղ ավիափոխադրումների հնարավորինս արագ մեկնարկի վերաբերյալ և որոշում է կայացվել սկսել անհրաժեշտ գործընթացներ այս ուղղությամբ։