Բավ է պառակտվել
19-01-2022 16:25

Երևանը Մոսկվային և Բաքվին է փոխանցել հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի դեէսկալացիայի վերաբերյալ առաջարկների փաթեթ․ Միրզոյան

Հայաստանը Ռուսաստանին և Ադրբեջանին է փոխանցել հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի դեէսկալացիայի վերաբերյալ առաջարկների փաթեթը, չորեքշաբթի խորհրդարանում կառավարության ժամին ասաց Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։

Նրան հարցրել են, թե ինչ առաջարկների մասին է խոսել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, երբ վերջին ասուլիսում անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման և սահմանազատման հարցին, և ասել, որ իր հետ զրույցում հայկական կողմը փոխանցել է առաջարկներ, որոնք. ուղարկվել են Բաքու։

«Այո, դուք իրավացի եք, Լավրովը նման հայտարարություն արե էլ, և նրա տեղեկությունները համապատասխանում են իրականությանը։ Այո, հայկական կողմը նախապատրաստել է հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի դեէսկալացիայի և անվտանգության մակարդակը բարձրացնելու միջոցառումների փաթեթ և այն հանձնել է և՛ ռուսական կողմին, և՛ Ռուսաստանի միջնորդությամբ՝ նաև Ադրբեջանին և այլ գործընկերներին»,- ասել է Միրոզյանը։

Նա նշել է, որ դեռ պատասխան չկա, սակայն ձեռնպահ է մնացել մանրամասներ հաղորդելուց՝ ասելով, որ «իմաստ չունի»։

«Կարող եմ միայն ասել, որ դրանք բխում են զորքերի հայելային դուրսբերման և անվտանգության լրացուցիչ մեխանիզմների ստեղծման մեր կողմից նախկինում հրապարակած հայեցակարգից, որը հնչեցվել է կառավարության և վարչապետի կողմից»,- պարզաբանել է նա՝ հավելելով, որ այդ փաթեթը և մոտեցումները ներկայացվել են Անվտանգության խորհրդի նիստում։