Բավ է պառակտվել
22-12-2022 19:55

Երևանը խնդրել է հետաձգել Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը

Հայկական կողմը խնդրել է հետաձգել Մոսկվայում նախատեսված Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի և Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի պատճառով։ Այս մասին ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք ճիշտ են տեղեկությունները, որ խաղաղության պայմանագրի բանակցությունների շրջանակներում Մոսկվայում դեկտեմբերի 23-ին նախատեսված էր Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև հանդիպում, որը չի կայանա։

Հունանյանը նշեց, որ հայկական կողմը Մոսկվայում կայանալիք հանդիպմանը մասնակցության իր պատրաստակամությունը հաստատել էր շուրջ 2 շաբաթ առաջ՝ մինչև Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը։

«Ակնհայտորեն ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային առաջնահերթությունն այս պահին 2020 թ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը համապատասխան Լաչինի միջանցքի անխոչընդոտ վերագործարկման և Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի արդյունքում ստեղծված խնդիրների հասցեագրումն է, ինչից ելնելով հայկական կողմը խնդրել է հետաձգել Մոսկվայում նախատեսված հանդիպումը», - ասաց նա։

Միաժամանակ Հունանյանը նշեց, որ ի նշան Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում հայկական կողմի կառուցողականության՝ անկախ հանդիպման հանգամանքից, Ադրբեջանին են փոխանցվել հարաբերությունների կարգավորման վերաբերյալ փաստաթղթի առնչությամբ հայկական կողմի նոր առաջարկները։

ՌԴ ԱԳՆ-ն ավելի վաղ հայտնել էր, որ Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի ԱԳ նախարարների հեռախոսազրույցի ընթացքում «ափսոսանք է հայտնվել, որ Երևանը հրաժարվել է այս տարվա դեկտեմբերի 23-ին Մոսկվայում նախատեսված Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպումից՝ քննարկելու խաղաղության պայմանագրի նախապատրաստումը։

Ինչպես հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մի քանի ամիս առաջ Հայաստանը խաղաղության պայմանագրի վերաբերյալ իր առաջարկներն է ներկայացրել Ադրբեջանին և «պատրաստ է գնալ խնդրի անհապաղ լուծմանը, սակայն Ադրբեջանի պատասխանը մինչ օրս չի ստացվել»։