Բավ է պառակտվել
14-10-2019 18:02

Երևանը կոչ է անում գործընկերներին չնպաստել տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքին․ԱԳՆ

Հայաստանը կոչ է անում բոլոր գործընկերներին հրաժարվել քայլերից, որոնք ուղղակիորեն կամ անուղղակիորեն նպաստում են սպառազինությունների մրցավազքին և տարածաշրջանում լարվածության աճին։ Այս մասին ասել է Հայաստանի ԱԳՆ մամլո քարտուղար Աննա Նաղդալյանը երկուշաբթի ճեպազրույցում՝ պատասխանելով Ադրբեջանին Ֆրանսիայի կողմից սպառազինությունների մատակարարման մասին հարցին։

1990-ականների սկզբին, կապված ղարաբաղյան հակամարտության հետ, մի շարք եվրոպական երկրներ և ԱՄՆ-ն էմբարգո էին սահմանել Ադրբեջանին և Հայաստանին սպառազինությունների մատակարարման նկատմամբ։ 2018թ․ամռանը ադրբեջանական մամուլը, հղում անելով ռազմական աղբյուրներին, հայտարարել էր, որ պաշտոնական Փարիզը չեղարկել է ֆրանսիական ընկերությունների կողմից Ադրբեջանին պաշտպանական նշանակության արտադրանք մատակարարելու արգելքը։

“Մենք ձեռնարկել ենք բոլոր հնարավոր քայլերն այդ ուղղությամբ, և Ֆրանսիան բացառություն չէ”,- ասել է Նաղդալյանը։ 2019 թվականի փետրվարի 5-ին նախագահ Էմանուել Մակրոնը նշել է, որ Ֆրանսիան, ի տարբերություն այլ պետությունների, միակ երկիրն է, որը խստորեն կատարում է իր էմբարգոյի պարտավորությունները, և որ Փարիզը երբեք չի վաճառի Բաքվին այնպիսի զենք, որը կարող է օգտագործվել Արցախի դեմ։

Այնուամենայնիվ, արդեն 2019թ․հունիսին հայտնի դարձավ, որ Ֆրանսիան, երրորդ երկրների միջոցով, մատակարարում է Ադրբեջանին սպառազինություն, մասնավոապես՝ ֆրանսիական փոքր հեռահարության ԶՀՀ։

Նաղդալյանի խոսքով, Ադրբեջանին զենք վաճառելու հարցը մշտապես լինելու է հայկական դիվանագիտության օրակարգում, քանի որ այդ քայլերը կարող են հանգեցնել իրավիճակի ապակայունացմանը տարածրջանում:

Ղարաբաղյան հակամարտությունն սկսվել է 1988 թվականին առավելապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղի՝ Ադրբեջանի կազմից դուրս գալու հայտարարությունից հետո։ 1991 թվականի դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում կայացել է հանրաքվե, որի ընթացքում բնակչության 99,89 տոկոսը հանդես է եկել հօգուտ Ադրբեջանից լիակատար անկախության։

Դրանից հետո Ադրբեջանի կողմից նախաձեռնած լայնածավալ ռազմական գործողությունների արդյունքում վերջինս կորցրել է վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ տարածքի նկատմամբ։

1994 թվականի մայիսի 12-ին զինադադարի եռակողմ համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցվել են ռազմական գործողությունները, որոնց պատճառով երկու կողմից զոհվել է շուրջ 25-30 հազար մարդ, իսկ մոտ 1 միլիոնը ստիպված լքել է իր տները:

Հրադադարի հաստատման մասին համաձայնագիրը պահպանվում է մինչ այժմ: 1992 թվականից մինչ օրս ընթանում են հակամարտության խաղաղ կարգավորման բանակցություններ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: