Բավ է պառակտվել
18-07-2018 19:17

Երևանն ու Բաքուն իրենք պետք է գնահատեն հանդիպման արդյունավետությունը. ՌԴ ԱԳՆ

Պաշտոնական Երևանը և Բաքուն իրենք պետըք է գնահատեն երկու երկրների ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպման օգուտն ու արդյունավետությունը։ Այդ մասին ճեպազրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Հուլիսի 11–ին Բրյուսելում կայացել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։ Հանդիպման շրջանակում Մնացականյանն ընդգծել է, որ բանակցային գործընթացն այլընտրանք չունի և այդ համատեքստում կարևորել է խաղաղության մթնոլորտի ձևավորումը։

Զախարովան նշել է, որ Ռուսաստանի ԱԳՆ–ն չի մեկնաբանում այն հանդիպումները, որոնք անցկացվում են առանց Ռուսաստանի մասնակցության, «բայց հաշվի առնելով այն, որ Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ է, ապա նրանք ելնում են նրանից, որ կողմերի ձեռնարկած ցանկացած քայլ պետք է ուղղված լինի ընդհանուր նպատակի` խնդրի ամբողջական կարգավորմանը»։

«Կուզեի նշել, որ հանդիպման արդյունքները, թե որքանով էր այն արդյունավետ, օգտակար և հեռանկարային, պետք է որոշեն հանդիպման անմիջական մասնակիցները։ Մենք ողջունում ենք այն ամենը, ինչը կողմերը գնահատում են որպես ամբողջական կարգավորման ուղղությամբ արված քայլ կամ գոնե որպես այդ ուղղությամբ արված երկխոսության շարունակություն»,– ասել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։