Բավ է պառակտվել
07-09-2018 11:18

Էրիկա Լերներ․ հին Հայաստանի նոր իշխանությունն իր լեգիտիմությունը պետք է ապացուցի ազնիվ ընտրություններով

“Թավշյա հեղափոխության” արդյունքում իշխանության եկած վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտրարել է, որ չի պատրաստվում կտրուկ փոխել երկրի արտաքին քաղաքականությունը։ Չնայած դրան՝ հանրապետության նոր իշխանությունը, և անձամբ վարչապետը Ռուսաստանում ավելի արևմտամետ են ընկալվում։ Բանն այն է, որ մինչև կառավարության ղեկավարի պաշտոնը զբաղեցնելը, Փաշինյանը, որպես պատգամավոր՝ հաճախ էր քննադատում Ռուսաստանի նկատմամբ երկրի ղեկավարության վարած քաղաքականությունը և անգամ նախաձեռնել էր ԵԱՏՄ-ից դուրս գալու օրենքի նախագիծը։

Արդեն վարչապետի կարգավիճակում Փաշինկանը չի դադարում խոսել Ռուսաստանի հետ լավ հարաբերությունների մասին, միաժամանակ հայտարարելով՝, որ Մոսկվան պետք է հարմարվի նոր Հայաստանին։
Ինչ վերաբերում է Արևմտքի հետ շփումներին՝ վարչապետը նշել է, որ ԵՄ հետ հարաբերություններում Հայաստանը խնդրողի դերում չի լինի, իսկ եվրոպական գործընկերները պետք է հստակեցնեն իրենց դիրքորոշումը և գործով ամրապնդեն այն։
Հուլիսի 11-12 -ին Փաշինյանը Բրյուսելում էր, որտեղ մասնակցում էր ՆԱՏՕ գագաթնաժողովին։ Ավելի ուշ նա ասել է, որ ԵՄ գործընկերներից մեկի հետ հանդիպման ժամանակ իր տարակուսանքն է հայտնել այն կապակցությամբ, որ հեղափոխությունից հետո Եվրամիությունը չի մեծացրել Հայասատնի համար նախատեսված օգնությունը։ Վերջինս նշել է, որ օգնությունն ավելացել է 10 մլն եվրոյով, ի պատասխան Փաշինյանն ասել է, որ քրեական գործերի շրջանակներում Հայաստանն արդեն հավաքագրել է 12 մլն դոլար։

“Եթե մենք թափ տանք մեր հայտնի կոռուպցիոներներից մեկին, ապա նրա գրպաններից այդքան գումար կթափվի։ Խոսքերիս իմաստն այն է, որ Հայաստանն ավելի լուրջ վերաբերմունք է ակնկալում”,- ասել է Հայաստանի վարչապետը։

Օգոստոսի 24-ին, տարածաշրջանային իր շրջագայության շրջանակներում պաշտոնական այցով Հայաստան էր ժամանել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, ինչը հանրապետության արևմտամետ ուղղության մասին խոսակցությունների նոր առիթ էր դարձել։ Միևնույն ժամանակ, փորձագետները նկատել էին, որ բանակցությունների ընթացքում Հայաստանում ներդրումային ծրագրերի զարգացման շուրջ ձեռք բերված որևէ պայմանավորվածությունների մասին հայտարարույթուն չի արվել։

Մոտ ժամանակներս՝ սեպտեմբերի 14-ին սպասվում է Փաշինյանի այցը Ֆրանսիա, մինչ այդ՝ սեպտեմբերի 8-ին, Հայաստանի վարչապետն այցելելու է Մոսկվա, որտեղ հանդիպելու է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Այն մասին, թե ու՞ր է շարժվում Հայաստանը հեղափոխությունից հետո, և կհաջողվի արդյո՞ք նոր ղեկավարությանը պահպանել երկրի արտաքին քաղաքականության հավասարակշռությունը Gisher.news-ին տրված հարցազրույցում պատմում է չեխ փորձագետ, Արևմուտքի ու Արևելքի միջև շփումների եվրոպական կենտրոնի ասոցիացիայի անդամ Էրիկա Լերները։

- Ինչպե՞ս Դուք կգնահատեք Հայաստանի նոր ղեկավարության արտաքին քաղաքականությունը, մասնավորապես՝ Ռուսաստանի և արևմուտքի առնչությամբ։ Արդյո՞ք նոր վարչապետին կհաջողվի հավասարակշռություն պահպանել այդ հարաբերություններում։

Հայաստանի արտաքին քաղաքականությունը դեռևս առանձնակի փոփոխություններ չի կրել։ Հարաբերությունների մեջ հավասարակշռությունը կպահպանվի, քանի որ Հայաստանը դեռևս չի պատրաստվում դուրս գալ եվրասիական գործընկերների հետ ռազմական և տնտեսական դաշինքներից, բայց և չի ցանկանում հրաժարվել Եվրոպական միության հետ համաձայնագրից։ Ավելին, այդ հավասարակշռությունը պահպանվում էր անգամ այն ժամանակ, երբ նախկին նախագահը հրաժարվեց ստորագրել ԵՄ հետ ասոցացման համաձայնագիրը։ Այսինքն, նույնիսկ այն ժամանակ ոչինչ չէր փոխվել։
Մյուս կողմից, եթե անգամ վարչապետը մտադիր է վերանայել արտաքին քաղաքականությունը՝ նա դա կանի ոչ թե հիմա, այլ ընտրություններից ու սահմանադրական փոփոխություններից հետո, և զբաղեցնելով երկրի նախագահի պաշտոնը։

- Սեպտեմբերի 8-ին սպասվում է Ռուսատանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը։ Ձեր կարծիքով, ի՞նչ կարելի է ակնկալել բանակցություններից։ Արդյո՞ք կհաջողվի թուլացնել երկու երկրների հարաբերությունների մեջ առկա լարվածությունը։

Նախ, պետք է հասկանալ, որ Պուտին-Փաշինյան հանդիպումը կայանալու է հավասարակշռությունը պահպանելու նպատակով, քանի որ մի շաբաթ առաջ Ռուսաստանի նախագահը հանդիպել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Հաշվի առնելով, որ Ռուսատանը միջնորդ է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում՝ ճիշտ չէր լինի անտեսել հակառակ կողմը։
Իմ կարծիքով, ոչ մի լարվածություն չկա, այդ կարծիքը տարածվում է նախկին իշխանությունների կողմնակիցների կողմից և անդադար շրջանառվում ԶԼՄ-ներում։

- Նիկոլ Փաշինյանն ասում է, որ Ռուսաստանը և մյուս երկրները պետք է հարմարվեն նոր Հայաստանին։ Ինչպե՞ս եք կարծում, որքանո՞վ է իրատեսական իրադարձությունների նման զարգացումը։ Կհաջողվի արդյո՞ք նոր Հայաստանին դառնալ Ռուսաստանի իրավահավասար գործընկերը։

Նախ, անհրաժեշտ է հստակեցնել, ի՞նչ ենք մենք հասկանում իրավահավասար ասելով։ Ո՛չ տնտեսապես, ո՛չ տարածքով, ո՛չ միջազգային ասպարեզում իրենց զբաղեցրած տեղով այս երկրներն իրավահավասար չեն կարող լինել։ Անգամ Չեխիան չի կարող իրեն իրավահավասար գործընկեր համարել Ռուսաստանի հետ։ Ռուսաստանի համար իրավահավասար գործընկեր են Գերմանիան, ԱՄՆ, որոշ չափով՝ Իտալիան Ֆրանսիան։ Եվ անգամ այս վերջին երկրներն ավելի շատ կախված են Ռուսաստանից, քան կարող են նրան առաջարկել։
Մյուս կողմից՝ չկա նոր Հայաստան։ Այն հանգամանքը, որ Հայաստանը փորձում է փոխվել ներսից, դեռևս առանձնապես չի ազդում նրա արտաքին կերպարի վրա։ Հայաստանի համար նույնիսկ գերադասելի կլիներ այդքան հաճախ չխոսել նոր ժամանակների գալստյան մասին, հատկապես՝ այլ երկրների բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումների ժամանակ։

- Ի՞նչ հետևանքների կարող է հանգեցնել Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների ճգնաժամը։ Կարո՞ղ է դա Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի սրման պատճառ հանդիսանալ։

Կրկնվեմ, որ ես չեմ համարում, որ այդ երկրների հարաբերություններում որևէ ճգնաժամ կա։ Կողքից կարող է թվալ, որ այդ հարաբերությունների վրա ճնշում է նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի քաղաքական ասպարեզ վերադառնալու փաստը, ում Ռուսաստանն՝ ըստ երևույթին, համակրում է։ Սակայն նրա դեմ մեղադրանքները, նրա քաղաքական ասպարեզում ժամանակավրեպ հայտնվելը, որն ուղեկցվում է նրան հաջորդած նախագահ Սերժ Սարգսյանի տոտալ լռությամբ նվազագույնի են հասցնում Քոչարյանի՝ որպես հաղթող վերադառնալու հնարավորությունները։

- Իշխանության գայուց հետո Փաշինյանը հայտարարել էր, որ ավելի լուրջ վերաբերմունք է ակնկալում Եվրամիության կողմից։ Ըստ Ձեզ, ինչպե՞ս պետք է կառուցվեն Հայաստանի և ԵՄ հարաբերությունները “թավշյա հեղափոխությունից” հետո։ Արդյո՞ք կողմերը պետք է վերանայեն դրանք։

Եվ կրկին, եկեք հստակեցնենք։ Եթե լրջություն ասելով մենք ի նկատի ունենք ավելի մեծ բարիքներ, արտոնություններ, ինչպես ուզում եք, անվանեք, ապա դա միանգամից չի լինում։ Իհարկե, հարաբերությունները զարգանալու են, անգամ կվերանա վիզաների անհրաժեշտությունը, սակայն՝ ոչ շուտ։ Նախ, հին Հայաստանի նոր իշխանությունները ստիպված են ապացուցել, որ իրենց լեգիտիմությունը ոչ թե փողոցում է ձեռք բերվել, այլ հաստատվում է ազնիվ ընտրություններով։ Երկրորդ․ անհրաժեշտ կլինի կատարել ԵՄ հետ համաձայնագրի կետերը, այդ թվում և՝ փակել ատոմային էլեկտրակայանը։ Կարծում եմ, որ հենց այդ ժամանակահատվածում կկիրառվի ԵՄ և Հայաստանի միջև սահմանը հատելու թեթևացված կարգը, սրան կհետևեն տնտեսական արտոնությունները և այլն։ Անիմաստ է դրանք վերանայել, դրանք բավականին հավասար են և բավարարում են երկու կողմերին։

 

Հեղինակային