Բավ է պառակտվել
17-01-2023 11:00

Եվրամիությունը մտադիր է երկու տարով դիտորդական նոր առաքելություն ուղարկել Հայաստան․ աղբյուրներ

Եվրամիությունը մտադիր է մեկ ամսից դիտորդական նոր առաքելություն ուղարկել Հայաստան` առնվազն երկու տարով:
Ինչպես հաղորդում են «Ազատության» աղբյուրները, դեռ անցած շաբաթ այս նախագիծն ընդունվել է Եվրոպական խորհրդի Քաղաքական ու անվտանգության հանձնաժողովում, երեկ էլ հաստատվել դիտորդական առաքելություններով զբաղվող հիմնական կառույցում՝ Ճգնաժամերի կառավարման քաղաքացիական հարցերի հանձնախմբում: Ընդ որում, ի տարբերություն անցած հոկտեմբերին ուղարկված քառասուն հոգանոց խմբի, որը տեղակայվել էր հայ-ադրբեջանական սահմանին, այս անգամ եվրոպացի դիտորդները պարեկություն կանեն Հայաստանի ողջ տարածքում: Նախորդ առաքելության նման, այս անգամ էլ նրանք անզեն կլինեն:
Ժամանող դիտորդների թիվն առայժմ պաշտոնապես չի հաղորդվում: Ըստ «Ազատության» տեղեկությունների, սակայն, նոր առաքելության կազմում կլինի մոտավորապես երկու հարյուր եվրոպացի մասնագետ:
«Նրանց առաջնահերթությունն է նպաստել, որ Հայաստանի սահմանային գոտիներում ու հակամարտությունից տուժած շրջաններում միջադեպերը նվազեն, այդ տարածքներում ապրողների համար վտանգները կրճատվեն, և դրանով իսկ նպաստավոր պայմաններ ստեղծվեն Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման համար», - ասված է հանձնախմբի եզրակացության մեջ:
Կառույցն առաջարկել է ԵՄ արտաքին գործերի նախարարությանը առաջիկա օրերին մշակել գործողությունների հատուկ պլան, որը կհստակեցնի`ինչ միջոցներով է երաշխավորվելու առաքելության անվտանգությունը, ինչպես են գնահատվելու ռիսկերը, ինչ պաշտպանիչ սարքավորումներ են տրամադրվելու, և կամ անհրաժեշտության դեպքում ինչպես է կազմակերպվելու դիտորդների տարհանումը:
Բացի այդ, առաջարկվում է հստակեցնել Հայաստանի իշխանություններից սպասվող աջակցությունը: Բրյուսելը, մասնավորապես, ակնկալում է, որ Երևանը կստանձնի ռուսական ստորաբաժանումների հետ եվրոպացիների շփումների կամ միջադեպերի կառավարման պատասխանատվությունը, ինչպես նաև անհրաժեշտ անձեռնմխելիություն ու արտոնություն կտա դիտորդներին:
Ակնկալվում է, որ Եվրամիության դիտորդները Հայաստան կժամանեն հաջորդ ամիս, առաքելությունը կսկսվի փետրվարի 20-ից: Այսօր արդեն այս հարցը կքննարկվի Միության դեսպանների հանդիպման ժամանակ, իսկ վերջնական որոշումը կկայացվի, ամենայն հավանականությամբ, հաջորդ երկուշաբթի Բրյուսելում՝ Եվրամիության երկրների արտգործնախարարների նիստում:
ԵՄ դիտորդական առաքելությունը հայ-ադրբեջանական սահմանին

2022 թվականի հոկտեմբերի 26-ից դեկտեմբերի 19-ը ԵՄ դիտորդական առաքելությունը դիտարկում է անցկացրել Հայաստանում՝ Ադրբեջանի հետ սահմանային գոտում։ ԵՄ դիտորդական առաքելությունը երկու ամիս շարունակ իրավիճակի դիտարկումներ է իրականացրել հայ-ադրբեջանական սահմանի հայկական կողմում՝ նպաստելու վստահության ձևավորմանը և սահմանային հարցերով հանձնաժողովների աշխատանքին։