Բավ է պառակտվել
31-01-2023 16:41

ԵՄ-ն Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելու հարցը չի դիտարկում․ Բորել

ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերի բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ այս դեպքում (Լաչինի միջանցքի շրջափակման հետ կապված իրավիճակի պատճառով) Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելու հարցը չի դիտարկում։

«Պատժամիջոցները ԵՄ-ի ընդամենը մեկ գործիք են ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականության նպատակների առաջմղման համար և այս դեպքում դրանք չեն դիտարկվում։ ԵՄ ջանքերը կենտրոնացած են Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության միջոցով լուծումներ գտնելու վրա, ինչին երկու երկրների ղեկավարներն իրենց հանձնառությունն են հայտնել»,- ասել է Բորելը ի պատասխան Եվրախորհրդարանի պատգամավոր Ասիտա Կանկոյի հարցմանը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Բորելն ասել է, որ 2022 թվականի դեկտեմբերի սկզբից ԵՄ-ն ուշադիր հետևում է Լաչինի միջանցքի երկայնքով և դրա շուրջ զարգացումներին և դրանց հումանիտար հետևանքներին։ Մշտական ​​կապ է պահպանվում երկու կողմերի արտգործնախարարների հետ։

«ԵՄ-ն, իր իրավասության շրջանակներում, կոչ է արել Ադրբեջանին ապահովելու միջանցքով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից բխող իր պարտավորություններին համապատասխան», - ասվում է Բորելի պատասխանում։

Եվրոպական դիվանագիտության ղեկավարը հիշեցրել է, որ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում ձեռք բերված պայմանավորվածության շրջանակում երկամսյա ժամկետով Հայաստան է ուղարկվել ԵՄ առաքելություն, որն իր գործունեությունն ավարտել է 2022 թվականի դեկտեմբերի 19-ին։ Նա նշել է նաև ԵՄ նոր դիտորդական առաքելության տեղակայման մասին։

«ԵՄ-ն սկսել է համագործակցության նոր փուլ՝ ի պատասխան Հայաստանի խնդրանքի որոշում ընդունելով Եվրոպական միության ընդհանուր անվտանգության և պաշտպանության քաղաքականության շրջանակներում քաղաքացիական առաքելություն ուղարկել Հայաստան։ Առաքելության նպատակն է նպաստել Հայաստանի սահմանամերձ շրջաններում կայունությանը, տեղում վստահության ձևավորմանը, ինչպես նաև ապահովել ԵՄ կողմից աջակցվող Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ջանքերին նպաստող միջավայրը»,- ասել է Բորելը։