ԵՄ-ի խորհուրդը երկուշաբթի համաձայնել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելություն ստեղծել (EUMA)՝ Ընդհանուր անվտանգության և պաշտպանության քաղաքականության շրջանակում (CSDP), ասվում է ԵՄ խորհրդի կայքում տեղադրված հայտարարության մեջ։
Հայտարարությունում նշվում է, որ «առաքելության նպատակը Հայաստանի սահմանամերձ շրջաններում կայունության աջակցությունն է, վստահության ամրապնդումը եւ ԵՄ աջակցությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերի համար պայմանների ապահովումը»։
ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը նշել է, որ Հայաստանում ԵՄ առաքելության ստեղծումը Հարավային Կովկասում ԵՄ ներգրավման համար նոր փուլ է բացում։ ԵՄ-ն կշարունակի աջակցել լարվածության թուլացմանն ուղղված ջանքերին եւ սերտորեն կաշխատի երկու կողմերի հետ՝ տարածաշրջանում կայուն խաղաղության վերջնական նպատակին հասնելու համար:
Նշվում է, որ ի պատասխան Հայաստանի հայցին՝ կիրականացվի պլանային պարեկություն և կզեկուցվի իրավիճակի մասին, ինչը հնարավորություն կտա հասկանալ իրավիճակը տեղում։ նաեւ ներդրում կունենա միջնորդական ջանքերում՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի գլխավորած գործընթացում։
Առաքելության սկզբնական մանդատը կկազմի 2 տարի, իսկ օպերատիվ շտաբը կտեղակայվի Հայաստանում։ Քաղաքացիական գործողության հրամանատարը կլինի Ստեֆանո Տոմատը: Առաքելության ղեկավարը, որը կզբաղվի տեղում գործողությունների իրականացմամբ, կնշանակվի առաջիկայում։
2022 թվականի հոկտեմբերին ԵՄ ԱԳ նախարարները պայմանավորվեցին ձևավորել առաջին քաղաքացիական առաքելությունը՝ լուծելու Հայաստանի և Ադրբեջանի սահմանին առկա խնդիրները։ Նրանք տեղակայվել էին հայկական կողմից՝ Ադրբեջանի հետ միջազգային սահմանի երկայնքով, տարածաշրջանում տիրող իրավիճակի մոնիտորինգի, վերլուծության և զեկույցի համար, ասվում է Եվրոպայի խորհրդի հայտարարության մեջ։