Բավ է պառակտվել
22-08-2022 10:55

ԵՄ-ն վճռականորեն աջակցում է Երևանի և Բաքվի միջև խաղաղության և հաշտեցման ջանքերին. դեսպան Անդրեա Վիկտորին

Եվրամիությունը վճռականորեն աջակցում է սահմանային խնդիրների, տարածաշրջանում հաղորդակցության կապերի ապաշրջափակման, խաղաղության պայմանագրի շուրջ ընթացիկ և ապագա բանակցություններին և հաշտեցման ջանքերին։ Այս մասին ասել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորին «Արմենպրես»-ին տված հարցազրույցում։

«Եվրամիությունը շահագրգռված է կողմերի հաշտեցմամբ և հիմնախնդրի կայուն լուծմամբ: Մենք ցավում ենք տեղի ունեցած յուրաքանչյուր միջադեպի համար:[...]: Պետք է ասեմ, որ հարկավոր է ավելին անել մնացած գերիներին վերադարձնելու, ականազերծման ոլորտում, ինչպես և անհայտ կորածների որոնման մեջ առաջընթացի հասնելու համար: Իսկապես, մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանն ուղղված բոլոր ջանքերը և կողմ ենք հակամարտության հետ կապված բոլոր խնդիրների համապարփակ կարգավորմանն»,- ասել է նա։

Վիկտորինը նշել է, որ 2020 թ. Արցախում պատերազմի ավարտից ի վեր ԵՄ-ն ներգրավված է գործընթացին ամենաբարձր մակարդակով՝ հանձին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, ի հավելումն առկա այլ ջանքերի՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը նպաստելու նպատակով: «Մեր նպատակն է տեսնել հաջողություններ բոլոր այս ոլորտներում»,- հավելել է նա։

Պատասխանելով հարցին, արդյո՞ք Շառլ Միշելի միջնորդությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի տրամաբանության մե՞ջ է, դեսպանը նշել է, որ Եվրոպական Միության դիրքորոշումը շատ հստակ է եղել մինչև պատերազմը և նաև պատերազմի ընթացքում։

«Մենք լիովին աջակցում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո գործընթացի առաջմղմանը: Գործընթացն, իրոք, առաջնորդում էին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Այո՛, դուք իրավացի եք՝ Եվրոպական միությունն այժմ ավելի ակտիվ դիրք է ստանձնել և տեսանելի դեր է խաղում հնարավոր ամենաբարձր մակարդակով՝ ի դեմս նախագահ Միշելի, ինչպես նաև Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի կանոնավոր խորհրդակցությունների և այցերի միջոցով: Նա կրկին այստեղ էր հուլիսի 13-ին և 14-ին: Այնպես որ, մենք մշտական կապի մեջ ենք, նախագահ Միշելը անձամբ է ներգրավված»,- ընդգծել է Վիկտորինը։

Միաժամանակ դիվանագետը պարզաբանել է, որ այս ջանքերը ոչ մի կերպ մրցակցության նպատակ չունեն կամ ուղղված չեն այլ դերակատարների դեմ։

«Պետք է ընդգծեմ սա, քանի որ շատ են շահարկումներն այս հարցի շուրջ: Մենք պետք է խոսենք փոխլրացման, ոչ թե մրցակցության մասին»,- ասել է նա։

Նրա խոսքով՝ 2021 թ. դեկտեմբերին, 2022 թ. ապրիլին և մայիսին Բրյուսելում կայացած երեք եռակողմ հանդիպումները նպատակ ունեին աջակցելու կայուն հանգուցալուծմանը:

Վիկտորինը հիշեցրել է, որ ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը նույնպես նախաձեռնեց բարձր մակարդակի հանդիպումներ Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևի միջև:

«Այս բարձր մակարդակի միջնորդությունները, շփումների որակը այն ավանդն է, որ մենք կարող ենք ունենալ այս գործում, և Եվրամիությունն իսկապես հանձնառու է շարունակելու մեր ջանքերն այս ձևաչափերում: Բնականաբար, մենք լսում ենք երկու երկրների ցանկությունները: Բայց կրկնում եմ՝ սա մրցակցություն չէ, սա փոխլրացում է այլ ջանքերի միջոցով: Մենք ողջունում ենք նաև Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների ուղիղ շփումը, որ տեղի ունեցավ հուլիսի 16-ին Թբիլիսիում: ԵՄ-ն ողջունում է ուղիղ կապը, որ հաստատվել է երկու արտգործնախարարների միջև: Կարծում եմ՝ բոլոր այս տարրերը միավորվում են, և ջանքեր են գործադրվում երկու երկրների միջև կայուն լուծում գտնելու նպատակով»,- ասել է դեպանը։

Հայաստանի իշխանությունները վերջին շրջանում ակտիվորեն քարոզում են տարածաշրջանում «խաղաղության դարաշրջան» բացելու գաղափարը։

Հանդիպումներ Բրյուսելում

Մայիսի 22-ին Բրյուսելում կայացել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։

Հանդիպման արդյունքներով Միշելի հայտարարության համաձայն՝ Փաշինյանն ու Ալիևը, մասնավորապես, համաձայնության են եկել տարանցման կարգավորման սկզբունքների վերաբերյալ՝ արևմտյան Ադրբեջանի և Նախիջևանի, Ադրբեջանի տարածքով՝ Հայաստանի տարբեր մասերի, ինչպես նաև երկու երկրների հաղորդակցության ենթակառուցվածքների միջոցով միջազգային բեռնափոխադրումների շուրջ:

Նրանք նաև պայմանավորվել են շարունակել Հայաստանի և Ադրբեջանի միջև ապագա խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումները, որով կարգավորվելու են միջպետական հարաբերությունները։ Այս համատեքստում Միշելն ընդգծել է «Ղարաբաղի էթնիկ հայ բնակչության իրավունքների ու անվտանգության ապահովման անհրաժեշտությունը»։

Օգոստոսի 19-ին Բրյուսելում տեղի է ունեցել հանդիպում Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի միջև՝ Հարավային Կովկասում և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի մասնակցությամբ։ Մանրամասներն անհայտ են։ Սա Գրիգորյանի և Հաջիևի երրորդ հանդիպումն է այս տարվա ընթացքում՝ նվիրված Հայաստանի և Ադրբեջանի միջև մի շարք խնդիրների լուծմանը։ Նրանք ավելի վաղ հանդիպել էին մարտին և ապրիլին Բրյուսելում՝ Կլաարի միջնորդությամբ։