Բավ է պառակտվել
13-06-2019 20:51

ԵՄ-ը հայաստանին. 25 մլն եվրո կհատկացնի մի շարք ոլորտներում ԵՄ նորմերին մոտարկման համար (տեսանյութ)

Եվրամիությունը Հայաստանին լրացուցիչ 25մլն եվրո օգնություն է տրամադրել։ Այս մասին ասվել է Հայաստանի և Եվրամիության միջև Գործընկերության խորհրդի երկրորդ նիստի արդյունքներով համատեղ հայտարարությունում: 

“Խորհուրդն ընդգծել է, որ ԵՄ ավելի քան 160 մլն եվրոյի աջակցություն է հատկացրել Հայաստանին 2017-2020 թվականների համար: Արժևորելով բարեփոխումների օրակարգին հետամուտ լինելու և Համաձայնագիրը (համապարփակ և ընդլայնված գործընկերության՝ խմբ) արդյունավետորեն կիրարկելու Հայաստանի վճռականությունը՝ ԵՄ հավելյալ 25 միլիոն եվրո կհատկացնի Հայաստանին 2019թ. համար։ Խորհուրդն ընդգծել է այդ ռեսուրսների հնարավորինս արդյունավետ օգտագործման անհրաժեշտությունն` առավելագույնի հասցնելու բարեփոխումների ազդեցությունը, ինչպես նաև տեսանելի ու շոշափելի կերպով բարելավելու քաղաքացիների կենսապայմանները”,-մեջբերել է համատեղ հայտարարությունը Հայաստանի ԱԳՆ մամլո ծառայությունը:

Խորհուրդը վերահաստատել է Հայաստանի և Եվրամիության հանձնառությունն արդյունավետորեն կիրարկելու Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը:

“Այս հավակնոտ համաձայնագիրը կարող է կարևոր դեր խաղալ Հայաստանի արդիականացման գործում, մասնավորապես բազմաթիվ ոլորտներում ԵՄ նորմերին օրենսդրական մոտարկման միջոցով: Խորհուրդն ընդգծեց օրենքի գերակայության և մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի կարևորագույն նշանակությունը, որը ներառում է անկախ, արդյունավետ և հաշվետու արդարադատության համակարգ”,-նշվել է հայտարարությունում:
Այս համատեքստում ԵՄ-ն ողջունել է Հայաստանում  2018 թվականի դեկտեմբերին կայացած խորհրդարանական ընտրությունները, որոնք անցկացվել են հիմնարար ազատությունների նկատմամբ հարգանքի մթնոլորտում և վայելել են լայն հանրային վստահություն: ԵՄ-ն և նրա անդամ պետությունները զգալիորեն նպաստել են ընտրությունների անխափան կազմակերպմանը: ԵՄ-ն վերահաստատել է իր պատրաստակամությունը սերտորեն համագործակցել ժողովրդավարական եղանակով ընտրված իշխանությունների հետ, խորացնել քաղաքական և տնտեսական հարաբերությունները Հայաստանի հետ:

Խորհուրդն ընդգծել է անկախ, արդյունավետ և հաշվետու դատական համակարգի կարևորությունը, որը նպաստում է ոչ միայն մարդու իրավունքների պաշտպանությանը, այլ նաև տնտեսական զարգացմանը և օտարերկրյա ներդրումների համար բարենպաստ բիզնես միջավայրին։
Խորհուրդը ողջունել է ներկայումս Հայաստանում համապարփակ դատական բարեփոխումների ուղղությամբ գործադրվող ջանքերը` Հայաստանի սահմանադրությանը և միջազգային չափանիշներին համապատասխան։

Խորհուրդը քննարկել է նաև տարածաշրջանային և միջազգային հարցեր։ Մասնավորապես․ ԵՄ-ն վերահաստատել է իր աջակցությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ հանգուցալուծմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին: ԵՄ-ն պատրաստակամ է աջակցելու հակամարտության ջրբաժանը հաղթահարելուն և ժողովուրդներին խաղաղությանը պատրաստելուն ուղղված նախաձեռնություններին:

“Թուրքիայի հարցում ԵՄ-ն վերահաստատել է իր աջակցությունը հայ-թուրքական հարաբերությունների բարելավմանը և շեշտել երկու կողմերի` այդ գործընթացի մեջ առանց նախապայմանների ներգրավվելու անհրաժեշտությունը: Հայաստանը վերահաստատել է Թուրքիայի հետ առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերությունների հաստատման վերաբերյալ իր վաղուց հայտնի դիրքորոշումը”,- ասվել է հայտարարությունում: