Բավ է պառակտվել
04-11-2022 10:13

ԵՄ-ն հայտարարություն է տարածել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպման վերաբերյալ

Եվրոպական Միությունը բարձր է գնահատում կողմերի պատրաստակամությունը՝ շարունակել աշխատանքը սահմանային խնդիրները լուծելու ուղղությամբ, ասվում է Եվրոպական արտաքին քաղաքական գերատեսչություն՝ հինգշաբթի Բրյուսելում կայացած բանակցությունների արդյունքներով հայտարարության մեջ։

Հինգշաբթի օրը Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության ու Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի երրորդ նիստը՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԱՀ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ:

«Եվրոպական Միությունը բարձր է գնահատում կառուցողական մթնոլորտը, որում անցել է հանդիպումը և կողմերի պատրաստակամությունը՝ շարունակել աշխատանքը սահմանային խնդիրները լուծելու, ինչպես նաև անվտանգային իրավիճակը բարելավելու ուղղությամբ»,- ասված է հայտարարության մեջ:

Նշվում է, որ հանդիպումը հաջորդել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Բրյուսելում անցկացրած բարձր մակարդակի հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Հայաստանի ԱԳՆ մամլո ծառայությունը, հանձնաժողովների համատեղ գործունեության իրավական շրջանակների ձևավորման նպատակով կողմերը պայմանավորվել են արագացնել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության ու Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության կարգի համաձայնեցման աշխատանքները: