Բավ է պառակտվել
29-01-2020 15:00

«Ես խնդիր եմ տեսնում մեր երկրի առաջին դեմքի բառապաշարի հետ կապված»․Գևորգ Գորգիսյան

«Լուսավոր Հայաստան» խմբակցության համար անհասկանալի է, թե ինչո՞ւ է գործադիր իշխանությունն անդրադառնում միայն ՍԴ-ին, երբ խոսքը վերաբերում է դատական իշխանության նկատմամբ անվստահությանը։ Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը։
«Մեկ անձի շուրջ կենտրոնանալը սխալ մոտեցում է, որը ոչ մի տեղ չի տանում։ Եթե սա դիտավորությամբ է արվում, մտածելու բան ունեն։ Իշխանության մեկ թևն իրավունք չունի ճնշել մյուս թևին։ Եթե զսպումները դուրս են գալիս Սահմանադրության շրջանակներից, ապա, այո՛, այստեղ մենք խնդիր տեսնում ենք, այո՛, ճնշում առկա է», - նշեց բանախոսը։
Ըստ Տարոն Սիմոնյանի հասարակությունը չի վստահում դատական իշխանությանը, քանի որ առաջին ատյանի դատարանից ստանում է իր սրտի, մտքին ոչ համապատասխան որոշումներ և շատ դեպքերում հասարակությունը ճիշտ է։
«Եթե զսպումները դուրս են գալիս Սահմանադրությամբ թույլատրելի շրջանակներից, և դա ըստ էության քաղաքական ճնշում է ենթադրում, ինչը նաև տեսնում ենք և՛ մեր գործընկեր պատգամավորների արտահայտած մտքերում և՛ գործադիր իշխանության ներկայացուցիչների արտահայտած մտաքերում, ապա, այո՛, այստեղ մենք խնդիր տեսնում ենք»,- նշեց Տարոն Սիմոնյանը։
Նույնանուն խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյան էլ հավելեց, թե հեղափոխությունից հետո բոլոր ոլորտներում բարեփոխումներ էին սպասվում, բայց այսօր՝ հեղափոխությունից մոտ 2 տարի անց իշխանությունները հասարակության ունեցած սպասումները դեռ չեն արդարացրել։
«Ես խնդիր եմ տեսնում մեր երկրի առաջին դեմքի բառապաշարի հետ կապված։ Եթե նրանք լեգիտիմ քաղաքական ուժ են հանդիսանում, ապա դա դեռ չի նշանակում, թե մեծամտության իրավունք ունեն եւ կարող են իրենց անարխիա թույլ տալ։
Նրա խոսքով՝ Հայաստանի իշխանությունները, ամենայն հավանականությամբ, մնացել են հեղափոխություն-հակահեղափոխություն դիսկուրսում եւ չեն կարողանում առաջ շարժվել։
«Քաղաքական մեծամասնությունը ռեֆորմները թողած իրենց ռեսուրսները կենտրոնացրել է միայն ՍԴ-ի վրա»,- նկատեց Գևորգ Գորգիսյանը։
Անդրադառնալով վարչապետի կողմից հնչեցրած հայտարարությանը, թե ՍԴ նախագահը կեղծիքով է ընտրվել, Գևորգ Գորգիսյանն ասաց, որ դրա համար իրավական հիմքեր պետք է լինեն:
«Երկրի առաջին դեմքն իրավունք չունի անել հայտարարություններ, որոնք իրավական հիմքեր չունեն, սա անթույլատրելի է»,- պարոն Գորգիսյանը։
Բանախոսները անդրադարձան նաև երեկվա դեպքերին։ Տարոն Սիմոնյանը նկատեց,որ առանց որևէ ակնհայտ հիմքի մարդկանց բերման ենթարկելը, ակնհայտ շոուի շրջանակներում էր:
«Մեզ մոտ տպավորություն է առաջացել, որ ոստիկանությունը չուներ համապատասխան հիմքեր, բայց նման գործողություններ կատարեց՝ ցանկություն ունենալով այդ անձանց դարձնել քավության նոխազ կամ քաղաքական գործիչ՝ ակտիվացնելով նրանց քաղաքական կոմպոնենտը»,- ասաց նա:

 

Արմինե Գևորգյան