բավ է պառակտվել
11-05-2020 17:56

«Իմ քայլից» երկու պատգամավորներ ի՞նչ պայմանով վայր կդնեն մանդատները․Մակունցը սպասում է ԼՀԿ-ի պատասխանին

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն այսօր խորհրդարանի ամբիոնից իր ելույթի ընթացքում անդրադարձավ մայիսի 8-ի նիստում տեղի ունեցած միջադեպին՝ հիշեցնելով, որ դրան նախորդել են ընդդիմադիրների սադրիչ գործողություններն ու հայտարարությունները:

Մակունցը հիշեցրեց, որ իրենք դատապարտել են միջադեպը և հիշեցրեց նախկինում տեղի ունեցած նմանօրինակ միջադեպերի ժամանակագրությունը:
«Ես ուզում եմ հիշեցնել, թե ով էր այն պատգամավորը, որ 2019 թվականի հունվարի 16-ին՝ խորհրդարանի երդմնակալության արարողությունից երկու օր անց, կոնֆլիկտ հրահրեց Ազգային ժողովում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության հետ. Էդմոն Մարուքյանը: Ես ուզում եմ հիշեցնել և հարցնել՝ ո՞վ էր այն պատգամավորը, որ մոտ 2 շաբաթ առաջ այստեղ պատգամավոր Գևորգ Պապոյանին պարբերաբար ընդհատում էր, հետո ի վերջո հնչեցրեց սպառնալիք՝ ձայնդ կտրիր, թե չէ քթիցդ արյուն է գալու. Էդմոն Մարուքյանը:

Ո՞վ էր այն պատգամավորը, որը Ռուբեն Ռուբինյանի վարման կարգով ելույթի ժամանակ իջնում է աստիճաններից, գալիս Ռուբինյանի մոտ, խանգարում՝ փորձելով չթողնել նրան խոսել և հրահրել կոնֆլիկտ: Ո՞ էր այն պատգամավորը, ում Մխիթար Հայրապետյանը դիմում էր՝ խնդրելով չընդհատել և խոսել ԱԺ պատգամավորի հետ հարգանքով և Դուք-ով»,- թվարկեց Մակունցը՝ հիշեցնելով նման մի քանի դեպք ևս, այդ թվում՝ «Իմ քայլի» պատգամավոր Սուրեն Գրիգորյանի հետ Մարուքյանի կոնֆլիկտը, Ալեն Սիմոնյանի հասցեին հնչեցրած հայհոյանքը:

Մակունցը նշեց, որ Մարուքյանի եղբայրը շարունակում է սեռական բնույթի հայհոյանքների մշակույթը մեկ այլ պատգամավորի մոր հասցեին:
«Ինչպե՞ս կարող է բռնությանը դեմ մարդը, այն բանից հետո, երբ Սասուն Միքայելյանը նրան ապտակել է, և որոշ պատգամավորներ պահել էին Միքայելյանին՝ հնարավորություն չտալով նրան որևէ գործողություն անելու, Մարուքյանը, տեսնելով, որ ինքնապաշտպանվելու խնդիր չունի, հարձակվում է և ոտքով հարվածում: Ինչպես կարող էր բռնությանը դեմ պատգամավորը վտանգ չներկայացնող և ինքնապաշտպանության որևէ խնդիր չունենալու պարագայում ոտքով հարվածել»,- նշեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը:

Մակունցը նշեց, որ իրավիճակը հարթելու համար և հետագայում նման միջադեպերի կրկնությունը կանխելու համար պետք է իրավիճակն ունենա քաղաքական հետևանք:

«Այդ հետևանքի մասին այսօր այստեղից հայտարարություն արեց Սասուն Միքայելյանը: Այո, քաղաքական հետևանք պետք է լինի, և Սասուն Միքայելյանի առաջարկով նաև: Նա պատրաստ է մանդատը վայր դնել, եթե միաժամանակ մանդատը վայր է դնում նաև Էդմոն Մարուքյանը: Ավելին՝ իրենց մանդատները վայր դնել պատրաստ են նաև պատգամավորներ Արտակ Մանուկյանն ու Վահե Ղալումյանը՝ պայմանով, որ միաժամանակ իրենց մանդատները վայր են դնելու նաև «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորներ Հրանտ Այվազյանը և Սարգիս Ալեքսանյանը »,-նշեց Մակունցը:

Հիշեցնենք, որ մայիսի 8-ի ԱԺ նիստի ժամանակ ծեծկռտուք էր տեղի ունեցել «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի և «Իմ քայլի» պատգամավոր Սասուն Միքայելյանի միջև։ Վեճին խառնվել են նաև դահլիճում գտնվող կառավարության անդամներն ու փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Փաշինյանը դեպքից ժամեր անց հանդես էր եկել հայտարարությամբ` ասելով, որ տեղի ունեցածը սադրանք է։

Գայանե Աբրահամյանը մեկնաբանել է մանդատը վայր դնելու որոշումը
Մարուքյանը եթե այդքան տղա է ինքը, մենք երկուսով մանդատները դնում ենք:
«Իմ քայլ-ի» պատգամավոր Արմեն Փամբուխչյանը իր մանդատը վայր է դնում
Ծեծ, հայհոյանքներ. Մարուքյանը և Միքայելյանը ԱԺ-ում հարցերը պարզում են բռունցքներով (Տեսանյութ)
<Իմ քայլի>> պատգամավոր Էդգար Առաքելյանը վայր է դնում մանդատը