Բավ է պառակտվել
25-09-2020 16:54

Եթե այսօր Ծառուկյանին ձերբակալելով՝ ժողովրդի վիճակը կլավանա՝ ապա հարց չկա

Եթե այսօր Ծառուկյանին ձերբակալելով՝ ժողովրդի վիճակը կլավանա՝ աշխատավարձը կբարձրանա, ապա հարց չկա: Այդ մասին այսօր՝ սեպտեմբերի 25-ին, լրագրողների հետ զրույցում ասել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը՝ իր գոծով դատական նիստին մտնելուց առաջ:

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, սկսվել է ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին կալանավորելու ԱԱԾ միջնորդության քննությունը։ Նիստից առաջ Ծառուկյանն ասել է, որ բարձր տրամադրություն ունի և քննադատել է կառավարության տնտեսական քաղաքականությունը:

Նրա խոսքով, մինչև այժմ արած հայտարարություններից ու քննադատություններից հետ չի կանգնում: «Էսօր սոցիալական, տնտեսական, քաղաքական վիճակը այնպես ծանր է, որ տենց երբեք չի եղել: Ես հունիսի 5-ին ասել եմ, որ այս վիճակից պետք է դուրս գալ, իրոք, ժողովրդի վիճակը շատ ծանր է, դուք տեսնում եք՝ այսօր ամբողջ աշխարհում մի պետություն չկա, որ աջակից լինի Հայաստանին, ես ասում եմ՝ ուղղեն, կարգավորեն, թե չէ ավելի վատ է լինելու, հունիսից մինչեւ հիմա նայելով՝ ավելի լավ չի կարող լինել այս մոտեցմամբ, Կառավարության այս հիմնական կազմով», - ասել է Ծառուկյանը՝ անտեսելով այն փաստը, որ կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում Հայաստանին աջակցություն են ցուցաբերել թե՛ Ռուսաստանը, թե՛ ԵՄ-ն, թե՛ ԱՄՆ-ն:

Ըստ Ծառուկյանի՝ կառավարությունը անփորձ է եւ չի տիրապետում աշխատանքի ոլորտներին. «Ասել եմ, ասում եմ՝ մարդիկ անփորձ են, այսօր պատմաբանին չես կարող տանել տնտեսության ղեկավար: Հիմնական խնդիրը սա է եղել, իսկ եթե այսօր Ծառուկյանին ձերբակալելով՝ ժողովրդի վիճակը կլավանա՝ աշխատավարձը կբարձրանա, հարկային պարտավորությունները կպակասեն, ուսման վարձը կպակասի, ներդրումները շատ կլինեն, հարց չկա, ես ինչ-որ ասել եմ, իմ սկզբունքին եմ, ավելի համոզված, դեռ քիչ եմ ասել»,- ասել է նա:

Հիշեցնենք, որ  ԱԺ-ն հունիսի 16-ին փակ գաղտնի քվեարկությամբ համաձայնություն է տվել ԲՀԿ առաջնորդի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու և կալանավորելու վերաբերյալ: Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ներկայացված միջնորդություններում խնդրել է խորհրդարանի համաձայնությունը, որպեսզի Գագիկ Ծառուկյանի դեմ մեղադրանք առաջադրվի 2017 թվականի խորհրդարանական ընտրություններում ընտրողներին կաշառելու կազմակերպման և նրան ազատությունից զրկելու համար:

ՀՀ ԱԱԾ-ն Գագիկ Ծառուկյանի հետ կապված միանգամից երեք քրեական գործ է հարուցել։ Դրանցից մեկը վերաբերում է 2017 թվականի խորհրդարանական ընտրություններում ընտրողներին կաշառելու դեպքերին։ ԱԱԾ-ի տվյալներով ՝ դրանում ներգրավված են եղել ԲՀԿ ղեկավար կազմն ու կուսակցության անդամները։

Հունիսի 21-ին Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանը մերժեց Գագիկ Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ ԱԱԾ միջնորդությունը:

Ընդ որում, գլխավոր դատախազությունից հայտնել են, որ պատրաստվում են բողոքարկել դատարանի որոշումը։

Սեպտեմբերի 23-ին Գագիկ Ծառուկյանի նկատմամբ խափանման միջոց ընտրելու հարցով Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նիստը չկայացավ։ Հետաձգման պատճառն այն էր, որ փաստաբանները պատշաճ կերպով տեղեկացված չէին։ Դատարանը պնդումէ հակառակը:

Գագիկ Ծառուկյանն ու նրա կողմնակիցները կարծում են, որ այդ քրեական գործերը քաղաքական հետապնդում են՝ ի պատասխան կառավարության հասցեին հնչած քննադատությունների և հրաժարականի կոչերի։

 

 

Արմինե Գեւորգյան