Բավ է պառակտվել
12-11-2020 14:58

Եթե ավելի շուտ պայմանավորվեինք կլիներ 5 և 2 շրջանների ազատում, անարյուն և վերջնական քաղաքական կարգավորումով․ Լավրով

«Եթե հաջողվեր Ղարաբաղի հարցում ավելի շուտ պայմանավորվածության գալ դիվանագիտորեն, ապա 5 շրջանները, միևնույն է` անցնելու էին Բաքվին պարզապես խաղաղ ճանապարհով»,- այս մասին քիչ առաջ ռուսաստանցի և արտասահմանցի լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Մենք կնախընտրեինք, որպեսզի ողջ հակամարտությունը կարգավորվեր շատ վաղուց՝ այն սկզբունքների հիման վրա, որոնք մշակել էին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, որոնց մասին, ի դեպ, մեկ անգամ չէ, որ Ադրբեջանի նախագահը վերջին շրջանում խոսել է և ընդգծել սեփական պատրաստակամությունն այդ սկզբունքների հիման վրա իրականացնել այն, ինչ առաջարկվել էր համանախագահների կողմից»,- ասաց Լավրովը։

«Եթե այդ ուղիով ընթանայինք, ապա արդյունքը, երևի թե, կլիներ համարյա թե նույնական այն հարցում, ինչ վերաբերում է 5 շրջանների, իսկ հետագայում՝ 2 շրջանների ազատմանը, բայց, առաջին հերթին՝ դա կարվեր անարյուն, և երկրորդը՝ դա կարվեր վերջնական քաղաքական կարգավորման հետ համատեղ»,- նման կարծիք հայտնեց ՌԴ ԱԳ նախարարը։

Հայաստանի ընդդիմությունը փորձում է շահարկումներ անել Ղարաբաղի շուրջ պայմանավորվածությունների շրջանակում։ Այս մասին այսօր լրագրողներին տված ասուլիսի ընթացքում ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը` անդրադառնալով հայաստանյան ներքաղաքական զարգացումներին նոյեմբերի 9-ի եռակողմ տխրահռչակ հայտարարությունից հետո։

«Մենք տեսնում ենք ցույցեր, որոնք ներկայումս բարձրացել են Երևանում, մենք տեսնում ենք, թե որքան է ընդդիմությունը փորձում շահարկումներ անել այդ իրավիճակով պայմանավորված»,- նշեց Լավրովը։

Միաժամանակ նա նշել է, որ ցուցարարների շարքում անկասկած կան անկեղծ անձինք, որոնց համար երևի թե վիրավորական է, որ այս փուլում ամեն բան այսպես է ավարտվում։

ՌԴ արտաքին գերատեսչության ղեկավարը հայտարարեց, որ Մոսկվայում չեն տեսնում եռակողմ համաձայնության խափանման նշաններ։

«Վստահ եմ, որ, եթե մենք իրականացնենք այն ամենը, որի շուրջ պայմանավորվել ենք (դեռ ես չեմ տեսնում այն բանի նշաններ, որ ինչ-որ մեկը փորձում է խափանել այդ պայմանավորվածությունները), կշահեն բոլորը»,- ընդգծեց Լավրովը։

Նա նշեց, որ հայկական կողմի հետ շփումները շարունակվում են։

Լավրովի խոսքով, չորեքշաբթի օրը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շփվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, իսկ անձամբ Լավրովը չորեքշաբթի օրն առավոտյան խոսել է ՀՀ ԱԳ նախարարի հետ։

«Վստահ եմ, որ հայկական կառավարությունը հասկանում է պատասխանատվության իր չափը, հասկանում է, որ ստորագրել է այս պայմանավորվածությունների ներքո՝ ելնելով սեփական ժողովրդի բարձրագույն շահերից»,- ընդգծել է Լավրովը։

ՌԴ ԱԳ նախարարը նաև վստահություն հայտնեց, որ համաձայնագրի ամբողջականությունը կպահպանվի և կիրականացվի։

«Համենայն դեպս, ես Հայաստանում տեսնում եմ բազմաթիվ քաղաքական ուժերի, որոնք հասկանում են, թե ինչ է կատարվում, և դրանից ճիշտ եզրակացություններ են անում»,- ասաց Լավրովը։