Բավ է պառակտվել
29-05-2019 18:28

«Ծառուկյանը եթե հարկեր տված չլիներ՝ Ծառուկյանին կմորթեին». Գագիկ Ծառուկյան


«ԲՀԿ –ի օրակարգում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ համագործակցելու հարց չի քննարկվում ,ու չի քննարկվելու»,- ԱԺ լրագրողների հետ ճեպազրույցում հավաստիացրեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:
Գագիկ Ծառուկյանը նշեց, որ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխվելուց հետո չի հանդիպել նրա հետ: «Ո՛չ զանգահարել եմ, ո՛չ հանդիպել: Կարող եք անվտանգությանը դիմել, ձեզ կտեղեկացնեն»,- խորհուրդ տվեց լրագրողերին:
Հարցին՝ ինչո՞ւ է խուսափում Քոչարյանի հետ հանդիպելուց, Ծառուկյանը պատասխանեց. «Բայց ինչի՞ց եք ենթադրում, որ խուսափում եմ: Չենք զանգել, չենք տեսել, կապ չկա, ինչի՞ մասին է խոսքը»:
Նշենք,որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը սկսեց դժգոհել, որ լրագրողները իրեն լավ հարցեր չեն տալիս: Հատկապես բանավեճ սկսվեց այն բանից հետ ,երբ լրագրողները Ծառուկյանից հարցրեցին վերջինս եկամուտների մասին:
Լրագրողները նկատեցին՝ եթե վստահ լինեն, որ ԱԺ պատգամավորը հարկերը վճարելուն զուգահեռ է բարեգործություն անում, ապա եկամուտների մասին էլ հարցեր չեն տա, վստահության մթնոլորտ կլինի: Այս դիտարկումից հետո Ծառուկյանը բորբոքվեց. «Դրանք բոլորը, որ ասում են, չար, նախանձ մարդիկ են, չարող մարդը միշտ արող մարդուն նախանձությունից չարախոսում է: Էս քանի՞ տարի է Ծառուկյանին ստուգում են, էդ ում պետք է ստուգեն՝ չեն ստուգում, ցավդ տանեմ, լավ, մի հատ աչքերդ բացեք: Ձեզ պարապած, փողերը տված՝ պարապած հարցերով եկել ես Ծառուկյանին ասում ես հարկերը: Ծառուկյանը եթե տված չլիներ՝ Ծառուկյանին կմորթեին»,-ասաց պատգամավորը:
Լրագրողը նշեց, որ իրեն փող տալիս է խմբագիրը՝ որպես աշխատավարձ: Մյուս լրագրողներն էլ մանրամասնեցին, որ ոչ թե լրագրողն է կասկածի տակ դնում Ծառուկյանի հարկեր վճարելու հարցը, այլ նշում է, որ չկա վստահություն, քանի որ նախկին իշխանությունները նման հարցեր են կասկածի տակ դրել.
«Կասկածի տակ է դրվել նախանձությունից: Ծառուկյանն անում է, իրենք` չէ: Նայեք մի հատ, ինչի՞ են էսօր Ծառուկյանի օբյեկտները միայն ստուգում»:
Ծառուկյանը վստահեցրեց, որ այսպիսի մթնոլորտում ոչ մի լավ բան չի լինի: Մարդիկ պիտի մի քիչ բարի ու գնահատող լինեն:

 

Արմինե Գևորգյան