Բավ է պառակտվել
13-06-2019 14:43

<<Եթե պատերազմի անմիջական սպառնալիք լինի, ես ձեզ կտեղեկացնեմ>> Դավիթ Տոնոյան

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը այսօր ԱԺ –ում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ 2016-ի ապրիլյան դեպքերն ուսումնասիրող հանձնաժողովի ստեղծմանը: Ասաց ,որ եթե կար հանրային պահանջ ուրեմն պետք է ստեղծվեր:

<<Եթե հանրությանը կբավարարեն այն պատասխանները, որոնք կլինեն այդ հանձնաժողովի ուսումնասիրության արդյունքում, իհարկե, լավ է։ Բոլոր այն հարցերը, իմիջիայլոց նաև այն հարցերը, որոնք առաջացել են հակառակորդի տեղեկատվական գործողությունների արդյունքում, դրանք կփարատվեն>>, - հայտարարեց Տոնոյանը։ Տոնոյանը նշեց նաև, որ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի մատնանշած ուսումնասիրությունը նույնպես կտրամադրվի հանձնաժողովին։
Նշենք,որ Սեյրան Օհանյանը ասել էր,որ ապրիլյան պատերազմի հետ կապված ուսումնասիրություններ արդեն կատարվել են և խորհրդարանական հանձնաժողով ստեղծելու կարիք չկար։
Հարցին՝ եթե դրանք արժանահավատ են, ապա լրացուցիչ ուսումնասիրությունների ի՞նչ կարիք կա, նախարարը նշեց, որ դա մասնագիատական վերլուծություն էր, որը հանրության համար բաց չէր:
<<Այդ վերլուծությունը կտրվի հանձնաժողովին>>,-ասաց նա:
Հիշեցնենք, որ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարել է 2016 թվականի Ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրության քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին, որը պետք է ղեկավարի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:
Նախարարը անդրադարձավ նաև սահմանային իրավիճակին: Լրագրողները նշեցին ,որ առաջնային գծի ամբողջ երկայնքով նկատվում է ադրբեջանական անօդաչու թռչող սարքերի և ռազմական ավիացիայի ուսումնական թռիչքների աճ, դրանք հաճախ խախտում են սահմանված թռիչքային գոտին: Նախարարն արձագանքեց. «Մերն էլ է թռչում ամբողջ երկայնքով, հանգիստ եղեք»:
Տոնոյանը վստահեցրեց, որ  երեկվա և այսօրվա զեկույցներով սահմանին իրավիճակը համեմատաբար կայուն է:
Հարցին՝ ամեն դեպքում պատերազմի սպառնալիք կա՞, նախարարը պատասխանեց.
<<Եթե պատերազմի անմիջական սպառնալիք լինի, ես ձեզ կտեղեկացնեմ անպայման>>:


Արմինե Գևորգյան