Բավ է պառակտվել
26-11-2020 20:51

«Դա խայտառակ հայտարարություն է»․ Մարուքյանը ԱԳ նախարարին։

ԼՀԿ նախագահը պահանջում է, որպեսզի ՀՀ–ի 27 տարվա բոլոր իշխանությունները պատասխանեն՝ արդյո՞ք ՄԽ համանախագահները դեմ են եղել Արցախի ճանաչմանը: Իսկ եթե դա իսկապես այդպես է, ապա արձագանքեն ՌԴ նախագահի հայտարարությանը՝ որպես համանախագահ երկրի ղեկավարի:
Լրագրողների հետ զրույցում Էդմոն Մարուքյանը նշեց, որ ութ տարի շարունակ Զարուհի Փոստանջյանը ԱԺ-ին է ներկայացրել Արցախի անկախությունը ճանաչելու նախագիծը և 8 տարվա մեջ Զարուհի Փոստանջյանը նախաձեռնել է ճանաչել Արցախի անկախությունը: «Մեզ off the records ասվել է, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները դեմ են, որ ճանաչենք:

Դրանից հետո այլ նախաձեռնություններ են քննարկվել, էլի նույն պատասխանն է տրվել»,–ասաց Մարուքյանը:

Պատգամավորը շեշտեց, որ նույն պատասխանն է ստացվել նաև Ապրիլյան պատերազմից հետո ԱԺ ներկայացված նույն առաջարկին:

«Սեպտեմբերի 27-ին, ռազմական դրության հատուկ նիստի ժամանակ ես վարչապետին հարց եմ տվել, թե՝ պարոն վարչապետ, չէինք ճանաչում, քանի որ մենք վախենում էինք, որ պատերազմ կսկսվի, պատերազմը սկսվել է, կարող է հիմա ճանաչենք Արցախը: Վարչապետը պատասխանեց, որ այդ հարցը հիմա ձեր առաջարկով մտավ քաղաքական օրակարգ: Դրանից հետո պատերազմի ժամանակ ինձ մի քանի քաղաքական ուժեր են դիմել, թե, եկեք ճանաչենք Արցախի անկախությունը: Ես կապվել եմ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ, ինքն ասել է` լավ առաջարկ է, բայց կարող է հիմա խանգարենք պատերազմի պրոցեսին, եկեք դեռ սպասենք»,- պատմեց Մարուքյանը:

Անդրադառնալով ԱԺ –ում ռազմական դրությունը չեղարկման գործընթացին նշեց, որ այն օր առաջ պետք է հանվի, քանի որ այսպես արդեն անհնար է։ «Ես ինքս հարգել եմ Գլխավոր շտաբի պետի հորդորը 7 օր չնախաձեռնելու ռազմական դրությունը չեղարկելու գործընթաց, ավելին՝ այդ ժամանակ քննադատության եմ արժանացել»։

Մարուքյանն ասում է՝ բազմաթիվ ահազանգեր ունեն, որ մոբիլիզացված քաղաքացիական անձինք զորամասերում են, բայց որևէ բան չեն անում․
«Ասում են՝ պետության հացն ենք ուտում, բայց ոչ մի բան չենք անում, ասեք մեզ զորացրեն, գնանք աշխատենք, տնտեսությունը խայտառակ վիճակում է»։
Մարուքյանը պնդում է նաև՝ սահմանը չեն կարողանում հատել երկքաղաքացիություն ունեցող անձինք, կան տնտեսական լուրջ խնդիրներ, բայց առանց հիմնավորման ռազմական դրությունը պահվում է․

Ընդդիմադիր խմբակցության ղեկավարը նոր պատերազմի վտանգ չի տեսնում, ասում է՝ պատերազմը դադարել է, և ռուսական խաղաղապահ ուժերը դարձել են անվտանգության երաշխավոր։

Անդրադառնալով նորանշանակ ԱԳ նախարարի հայտարարությանը Մարուքյանը այն որակեց խայտառակ, ասելով որ որևէ հույս չի կապում հայկական դիվանագիտության հետ։

Հիշեցնենք, որ ՀՀ արտգործ նախարար Արա Այվազյանը հայտարարել էր, որ մենք պարտվել ենք ռազմի դաշտում, ոչ դիվանագիտության։ «Եթե այդ մարդը չգիտի, որ պատերազմը սկսվում է այն ժամանակ, երբ դիվանագիտությունը պարտվում է՝ ես ոչ մի ակնկալիք, ոչ մի սպասում չունեմ կոնկրետ իրենից», - նշեց պատգամավորը:

Արմինե Գևորգյան