Բավ է պառակտվել
12-05-2020 02:13

Մարուքյանը եթե այդքան տղա է ինքը, մենք երկուսով մանդատները դնում ենք:

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանն այսօր ԱԺ ամբիոնից իր ելույթի ընթացքում անդրադարձավ մայիսի 8- ին խորհրդարանում իր ու «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի միջև տեղի ունեցած միջադեպին, որը վերածվել էր պատգամավորների միջև ծեծկռտուքի:
«Այսօր ինձ համար սուրբ է և՛ Էդմոնի մայրը, և՛ Ալենի մայրը, և՛ այստեղ բոլորիդ մայրերը: Ես զինվոր եմ եղել: Այն, ինչ անվանել է Էդմոնն այս ամբիոնից Ալենին՝ առանց ամաչելու, նույն բանն Էդմոնի եղբայրը գրել է իմ մասին: Ես չեմ հակադարձի իր բառերով: Երիտասարդ, քո մայրն ինձ համար սուրբ է, բայց քո խոսքերի համար եթե դու ներողություն չխնդրեցիր, դուք իմ անցած ուղին էլ բոլորդ գիտեք, ես ով եմ իմ խոսքով ու իմ գործով՝ լավ բան չի սպասվի քեզ»,- ԱԺ ամբիոնից հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը:
Միքայելյանը նաև զգուշացրեց, որ հրապարակային ներողությունը Մարուքյանի եղբոր համար կլինի լավագույն տարբերակը՝ հիշեցնելով, թե ինչ կառույցի ղեկավար է ինքը:
«Եվ թող հասկանա, որ այդ կառույցի տղաները փրկել են հազարավոր մայրերի, քույրերի Ղարաբաղում,- ասաց նա՝ իր մարտական ընկերներին կոչ անելով զերծ մնալ միջամտությունից,- իրենք ուզում են քաոս սարքեն հանրապետությունում, խնդրում եմ չգնաք դրան, ես կարող եմ իմ մոր պատվին կանգնեմ: Ես ուզում եմ, որ իրենք հասկանան ու երկու եղբայրով ներողություն խնդրեն Ալենից ու ինձանից, և դա Ալենի գործը չէ, եթե չխնդրեն»:
Անդրադառնալով խորհրդարանի դալիճում տեղի ունեցած միջադեպին՝ Սասուն Միքայելյանը նշեց. «Ես գիտեմ Մարուքյանը ինչ շոումեն է: Վաղը կասի՝ ինձ սպանեցին, մորթեցին: Այս դահլիճում կատարվածը իր մեղքով է կատարվել: Ես առաջարկում եմ, եթե այդքան տղա է ինքը, մենք երկուսով մանդատները դնում ենք: Թող այս կուսակցություններն իրենց գործը շարունակեն»,- ասաց Միքայելյանը՝ ևս մեկ անգամ հնչեցնելով Մարուքյանի հետ մանդատները վայր դնելու առաջարկը:
Միքայելյանի ելույթը ԱԺ դահլիճում արժանացավ պատգամավորներից մի քանիսի ծափերին:

 

 

Արմինե Գևորգյան