Բավ է պառակտվել
02-07-2019 13:18

Աբովյանի քաղաքապետի ընտրություններում ՔՊ պարտվեց մարզպետի շնորհիվ. Սասուն Միքայելյան

Ազգային Ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում խոսեց իր և Կոտայքի մարզպետի հարաբերությունների մասին, հաստատեց այն խոսակցությունները, որ ինքը չի խառնվել Աբովյանի քաղաքապետի ընտրություններին, քանի որ այնտեղ առաջադրված թեկնածու Գրիգոր Գուլյանը իր սրտով չի եղել:
Անդրադառնալով Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանին, ասաց, որ ինքը՝ Ռոմանոսը, եսիմ ինչ ակտիվ չի եղել թավշյա հեղափոխության ժամանակ՝ և եթե <<մենք դասեր չքաղենք, էս թավշյա հեղափոխությունը մեր կողմից կդառնա թավշյա հեռացում>>։
Սասուն Միքայելյանը դրական արտահայտվեց Աբովյանի վերընտրված քաղաքապետ Վահագն Գրիգորյանի հասցեին, ասաց, որ նա այն քաղաքապետերից է, որը բյուջեն կատարել է 104 տոկոսով: 
ԱԺ պատգամավորի խոսքով՝ Աբովյանի քաղաքապետի ընտրություններում ՔՊ-ն պարտվեց հենց Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի պատճառով, որը անձնավորել է այդ ընտրությունները, բարձր համարել իր դերը դրանում.<<Պատկերացրեք՝ եթե վարչապետը չգնար Աբովյան, ինչ էր կատարվելու այնտեղ։ Մարդիկ կան, որ, պարզ ա, էս շարժման մեջ ժողովուրդը, որ իներցիայի տակ ձայն ա տալիս, իրանք գիտեն, թե դեմք են դառած, մեծ դերակատարություն են ունեցել թավշյա հեղափոխության մեջ>>,- նշեց պատգամավորը: 
Ինչ վերաբերում է <<Քաղաքացիական պայմանագիր>> կուսակցության վարչության վերջին համագումարում վարչության անդամ չընտրվելուն, Միքայելյանն ասաց․ <<Սասուն Միքայելյանին երբեք չի զարմացրել վարչության անդամ լինելը կամ չլինելը: Բնական ա, որ ինձ ձայն չեն տվել։ Միգուցե էնտեղ ինչ-որ խմորումներ ա գնացել, ինչ-որ մարդիկ թիմեր են ձևավորել, դրա համար, այ, սենց եղավ, բայց էսօր Սասուն Միքայելյանին երբեք չի խանգարի, որ իր գործը՝ որպես ՔՊ անդամ, շարունակի>>,- ասաց ՔՊ-ական պատգամավորը։

 

Արմինե Գևորգյան