ԲՀԿ-ն ստորագրահավաք է նախաձեռնել արտակարգ դրության ժամանակ հավաքների ազատությունը սահմանափակող որոշման հարցով ՍԴ դիմելու համար, լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ պատգամավոր Իվետա Տոնոյանը։
«ԲՀԿ-ն երկու նախաձեռնությամբ է հանդես գալու․ մեկը՝ կորոնավիրուսի կանխարգելման հետևանքների վերացման աշխատանքների կազմակերպման հանգամանքները ուսումնասիրող քննիչ հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությունն է, մյուսը դիմելու ենք ՍԴ՝ վիճարկելու արտակարգ դրության պայմաններում հավաքների կազմակերպման հետ կապված որոշման իրավաչափությունը որոշելու հարցով», - ասաց Իվետա Տոնոյանը։
Նշենք, որ ՍԴ դիմելու համար անհրաժեշտ է 27 ստորագրություն, իսկ քննիչ հանձնաժողով ստեղծելու համար՝ 33։
Բարգավաճ Հայաստան» կուսակցության Սահմանադրական դատարան դիմելուն Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը լավ է վերաբերում։
«ՍԴ–ի մասին ԲՀԿ–ն խոսել էր այն մասին, որ համաձայն են, որ այնտեղ կան խնդիրներ։ Իսկ հիմա որոշել են դիմել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին, որպեսզի նա լուծում տա։ Սակայն ես վստահ չեմ, որ ՍԴ–ի հետ կապված հարցը մինչ այդ մենք լուծում տված չենք լինի, ու այս նույն կազմը կքննի ԲՀԿ–ի դիմումը»,–ասաց Սիմոնյանը։
Անդրադառնալով ԲՀԿ–ի` կորոնավիրուսի բուժմանն առնչվող իշխանության քայլերի հարցով քննիչ հանձնաժողով ստեղծելու ցանկությանը` Սիմոնյանը նշեց, որ միգուցե որոշ ճշտելու հարցեր կան։ Օրինակ`ինչո՞ւ են պատգամավորներն առանց դիմակ, ինչո՞ւ էին ասում, որ դիմակ կրել պետք չի և այլն։ Անդրադառնալով ընդդիմադիր ուժերի միավորմանը, Սիմոնյանը հավելեց․
«Սկզբից Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո Կարեն Կարապետյանի կողմից մի պահ փորձ արվեց իշխանությունը վերցնելու, դրանից հետո ԱԺ-ում վարչապետին փորձեցին չընտրել և այդ փուլերը շարունակվում են։ Այսօր այդ բեկորները եթե հավաքվում են մի վայրում, դա միայն լավ է և ուժեղացնում է իշխանությանը։ Վերջնականապես քաղաքական դաշտը պետք է մաքրվի նախկիններից, մասնավորապես՝ ընդդիմադիր դաշտը պիտի լինի նոր մարդկանցով լցված, նոր քաղաքական ուժերով, որոնք ինչ-որ ընտրության ժամանակ կփոխարինեն այսօրվա իշխանությանը»։
Ի դեպ ԲՀԿ –ական պատգամավորները կոչ էին արել Լուսավոր Հայաստանի պատգամավորներին միանալ իրենց ՍԴ –ը դիմելու նախաձեռնությանը։
Լրագրողների հետ զրույցում խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը նշեց, որ ԱԺ դահլիճում դիմելով վարչապետին կոչ է արել, որ հավաքների ազատության մասով պարետատան որոշումը վերանայվի ու հնարավորություն տրվի մարդկանց դիմակներով, սոցիալական հեռավորությունը պահպանելով հայտնել իրենց բողոքը կամ անցկացնել իրենց հավաքը
«Դա ֆունդամենտալ իրավունք է եւ անհրաժեշտ է, որ դա իրացվի: Եթե դու բողոքը ճնշում ես եւ պահում ես մարդկանց մեջ, դա դառնում է եռացող կաթսա: Մեկի տան գազն են անջատել, ուզում է բողոքի, թող բողոքի: Կառավարության առջեւ ամեն օր բողոքի ակցիաներ կան: Մենք մինչեւ հիմա վարչապետի որեւէ պատասխան չունենք: Ես կարծում եմ, որ բոլոր միջոցները սպառելու դեպքում պետք է դիմել ՍԴ: Մեր դիրքորոշումը հետեւյալն է, որ ՍԴ դիմելուց առաջ ընդդիմադիր ուժերը կարող են նախաձեռնել արտակարգ դրության իրավական ռեժիմի որեւէ միջոցառում անվավեր ճանաչելու նախաձեռնություն: Նման նախաձեռնություն ԱԺ-ում չի եղել»,–ասաց Էդմոն Մարուքյանը:
Արմինե Գևորգյան