Բավ է պառակտվել
26-09-2019 18:19

Եթե ահաբեկիչներին լքեն Մերձավոր Արևելքը, և փորձեն ներթափանցել Հայաստանի տարածք․ԱԱԾ Սահմանապահ զորքերի հրամանատար

  
Հայաստանի տարածք են ներթափանցել ահաբեկիչներ։ Վնասազերծման գործողություններին մասնակցում են ԶՈՒ, ԱԱԾ և ոստիկանությունը։ Ահաբեկիչները ցանկանում են իրականացնել ահաբեկչական գործողություններ, և հատուկ ստորաբաժանումները ոչնչացնում են հիմնական կորիզը։
Սակայն որոշակի խմբեր բաժանվելով տարբեր մասերի փորձում են գրավել ռազմավարական նշանակություն ունեցող վայեր ու բնակավայրեր։ Գերեվարում են խաղաղ բնակիչներին։ Իսկ այն զինյալները, որոնք պահպանել են մարտունակությունը և չեն հասցրել դուրս գալ սահման, գրավում են բնակավայրը՝ մտադրություն ունենալով տեղի բնակչության քողի տակ ապահովել անարգել նահանջը հանրապետության տարածքից։ Սակայն նրանց գործողությունները կանխվում են։ Սա մի փոքր հատված էր «Արարարտ –Անտիտեռոր 2019» զորավարժություններից։

 
ԱԱԾ Սահմանապահ զորքերի հրամանատար, գնդապետ Վաղինակ Սարգսյանը ասում է, որ վերջին շրջանում Հայաստանի պետական սահմանի ապօրինի հատման դեպքեր չեն նկատվել, բայց մենք պետք է պատրաստվենք ցանկացած մարտահրավերի։ Իսկ զորավարժության նպատակը, ըստ Վաղինակ Սարգսյանի, ներդաշնակելն էր տարբեր ստորաբաժանումների գործողությունները ահաբեկչական խմբերի դեմ պայքարի ժամանակ:
«Մենք տեսնում ենք, թե տարածաշրջանում ինչ է կատարվում, և բնականաբար՝ պետք պատրաստ լինենք հնարավոր վտանգներին, քանի որ ցանկացած գործողություն Մերձավոր Արևելքում կդրդի տարբեր ահաբեկիչների լքել այդ տարածաշրջանը, իսկ Հայաստանը համարվում է տարանցիկ երկրներից մեկը և կփորձեն ներթափանցել նաև Հայաստանի տարածք»,- ասաց ԱԱԾ Սահմանապահ զորքերի հրամանատար, գնդապետ Վաղինակ Սարգսյանը։

  

ԱՊՀ մասնակից պետությունների իրավասու մարմինների «Արարատ-Անտիտեռոր-2019» համատեղ հակաահաբեկչական վարժանքը անցկացվել է երեք փուլով։ Վարժանքին մասնակցել են ԱՊՀ յոթ պետությունների (Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի) հատուկ ծառայությունները: Վարժանքի նպատակներն իրագործվել են:
«Արարատ-Անտիտեռոր-2019» առավել լավ ցուցանիշներ ցուցաբերած զինվորները պարգևատրվում են պատվոգրով և անվանական ժամացույցներով։ Գլխավոր շտաբի պետի տեղակալ Անդրանիկ Մակարյանը խոսելով այսօրվա զորավարժություններից ասում է․«Եզրակացությունը մեկն է,որ ՀՀ ու հայ ժողովրդի ֆիզիկական անվտանգության խնդիրը դրված է ոչ միայն պաշտպանության նախարարության այլև ԱԱԾ –ի Ոստիկանության և բոլոր այն մարմինների վրա ,որ ունեն նման գործառույթներ։
Անդրանիկ Մակարյանից հարցրեցինք նաև սահմանում տեղի ունեցող իրավիճակից։ «Հակառակորդի ակտիվությունը սովորական երևույթ է։ Իրավիճակը սահմանում մնացել է նույնը, ինչպես եղել է միշտ։ ՀՀ զինված ուժերը կատարում են իրենց առջև դրված մարտական խնդիրները ցանկացած ժամանակ, ցանկացած պայմաններում», - ասաց նա։
Անդրադառնալով արդեն հակառակորդի կողմից դիվերսոիոն գործողություններին՝ Անդրանիկ Մակարյանն ասաց, թե իրենց համար դա սովորական բնույթ է կրում։
«Մենք պարտավոր ենք ցանկացած պայմաններում կատարել մեր մարտական խնդիրը։ Հակառակորդի ակտիվությունն ու մեր պատասխան գործողությունները սովորական բնույթ են կրում», - եզրափակեց Մակարյանը։

 

Արմինե Գևորգյան