Բավ է պառակտվել
17-01-2023 09:57

ՄԻԵԴ-ն ամբողջությամբ մերժել է Ադրբեջանի պահանջներն, այդ թվում՝ Հայաստանի դեմ միջանկյալ միջոցներ կիրառելը


Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) երկուշաբթի հրատապծանուցում է ուղարկել Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեին Լաչինի միջանցքը ապաշրջափակելու մասին իր՝ 2022 թվականի դեկտեմբերի 21-ի որոշման կատարումը Ադրբեջանի կողմից վերահսկելու նպատակով, ասվում է միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցչության ՖԲ էջում։

Նշվում է, որ 2022 թվականի դեկտեմբերի 22-ին Ադրբեջանը դիմել էր Եվրոպական դատարան՝ պահանջելով վերացնել միջանկյալ միջոց կիրառելու որոշումը: Միաժամանակ Ադրբեջանը պահանջել էր միջանկյալ միջոցներ կիրառել Հայաստանի դեմ, այն է՝ «ձեռնարկել իր իրավասությունից բխող բոլոր միջոցները ուղղված Ռուս խաղապահների ժամանակավոր տեղակայման վայրում գտնվող Ադրբեջանի տարածքում բժշկական անհետաձգելի օգնության կարիք ունեցող մարդկանց համարժեք բուժմանը և խուսափել այս ուղղությամբ որևէ խոչընդոտ ստեղծելուց»:

Ի պատասխան Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը 2022 թվականի դեկտեմբերին և 2023 թվականի հունվարին Եվրոպական դատարան է ուղարկել պարբերաբար թարմեցվող տեղեկություն Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված Լեռնային Ղարաբաղում տիրող հումանիտար ծանր վիճակի մասին: Միաժամանակ Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը Եվրոպական դատարանից պահանջել էր անհապաղ ծանուցում ուղարկել Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեին Ադրբեջանի կողմից Եվրոպական դատարանի 2022 թվականի դեկտեմբերի 21-ի որոշումը չկատարելու վերաբերյալ:
«Եվրոպական դատարանը, հաշվի առնելով կողմերի ներկայացրած փաստարկները, այսօր մերժել է Ադրբեջանի պահանջներն ամբողջությամբ՝ 2022 թվականի դեկտեմբերի 21-ի որոշումը թողելով ուժի մեջ: Եվրոպական դատարանը մերժել է նաև Հայաստանի դեմ միջանկյալ միջոց կիրառելու մասին Ադրբեջանի պահանջը»,- ասվում է հաղորդագրությունում։

Դեկտեմբերի 14-ին, Արդարադատության միջազգային դատարանի կանոնների համաձայն, Հայաստանը գրավոր դիմել է ՄԻԵԴ՝ պահանջելով միջանկյալ միջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ և պարտավորեցնել վերջինիս ապաշրջափակել Լաչինի միջանցքը։ Հայաստանը տեղեկացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման և, որպես հետևանք՝ Արցախի ժողովրդի իրավունքների ոտնահարման մասին։ Դեկտեմբերի 21-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բավարարել է Հայաստանի հայցը և Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոցներ կիրառել։

Արցախի և Լաչինի միջանցքի շրջափակումը

Ադրբեջանի հերթական սադրանքի արդյունքում դեկտեմբերի 12-ի առավոտից Արցախի Հանրապետությունը գտնվում է շրջափակման մեջ, խախտվել են երկրի 120.000 բնակչության, այդ թվում՝ 30.000 երեխայի իրավունքները։

Ադրբեջանական կողմը, իբր «էկոլոգիական նկատառումներով», շարունակում է ամբողջությամբ փակ պահել Ստեփանակերտ-Գորիս միջպետական ​​մայրուղին, որը Արցախը Հայաստանի հետ կապող միակ ճանապարհն է։ Արդյունքում 1100 մարդ, այդ թվում՝ 270 երեխա, չեն կարողանում տուն վերադառնալ։

Դեկտեմբերի 13-16-ը Ադրբեջանը դադարեցրել էր գազի մատակարարումն Արցախ։

Հունվարի 9-ից վնասվել է Արցախը Հայաստանից սնուցող միակ միակ բարձրավոլտ գիծը՝ Ահավնո-Բերձոր հատվածում, որը ադրբեջանական կողմի վերահսկողության տակ է։ Ադրբեջանական կողմը թույլ չի տալիս էլեկտրահաղորդման գծերի վերանորոգման և վերականգնման աշխատանքներ իրականացնել, ինչի կապակցությամբ Արցախում հոսանքազրկումներ են տեղի ունենում։

Հունվարի 12-ին հայտնի դարձավ ինտերնետ մալուխի վնասման մասին, ինչի պատճառով Արցախում մեկ օրից ավելի անհասանելի էր ֆիքսված ինտերնետը։ Հունվարի 13-ի երեկոյան հայտնի դարձավ, որ ռուս խաղաղապահների բանակցությունների շնորհիվ ադրբեջանական կողմը թույլ է տվել Ղարաբաղ-Տելեկոմի մասնագետներին մեկնել վթարման վայր և վերացնել վթարը

Ներկայումս հանրապետությունն ապրում է ռեսուրսների, սննդի, դեղորայքի և այլ կենսական նշանակության ապրանքների խնայողության ռեժիմով։