Բավ է պառակտվել
14-01-2018 11:13

Էստոնիան՝ ՀՀ-ԵՄ համաձայնագիրը վավերացնող առաջին երկիրն է

Էստոնիան վավերացրել է Եվրամիության և Հայաստանի միջև ստորագրված համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը, այդպիսով դառնալով Եվրամիության անդամ 28 պետություններից առաջինը, ով վավերացրել է տվյալ փաստաթուղթը:
Այդ մասին հաղորդել են ՀՀ ԱԳՆ մամուլի և հասարակայնության հետ կապերի դեպարտամենտից: ՀՀ ԱԳՆ-ից նշել են, որ Տալլինից ստացվել է պաշտոնական գրություն այն մասին, որ Էստոնիան ավարտել է ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ բոլոր ընթացակարգերը:

Հիշեցնենք, որ փաստաթուղթը ստորագրվել էր նոյեմբերի 24-ին Բրյուսելում՝ ԵՄ Արևելյան գործընկերության շրջանակներում: Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ է, որպեսզի Հայաստանն ու ԵՄ անդամ հանդիսացող 28 երկրները վավերացնեն այն:

Ավելի վաղ, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը Ազատության հետ զրույցում հայտարարել էր, որ ՀՀ խորհրդարանը կարող է վավերացնել ԵՄ-ի հետ համաձայնագիրը մինչև մարտի վերջ:
Հայաստանի կառավարությունը փաստաթուղթը հաստատել է անցած տարվա վերջին: Մոտ ժամանակներս, երբ Սահմանադրական դատարանը ևս դրական եզրակացություն տա, այն օրինագծի կարգավիճակով կուղարկվի Ազգային Ժողով: