Բավ է պառակտվել
24-01-2020 20:20

«Դա սադրանք էր, որի ժամանակ առաջացավ պոռթկում՝ երկու կողմից էլ՚>>.Ծառուկյան

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ մի քանի անգամ դիտել է ԱԺ-ում ԲՀԿ-ականների և պատգամավոր Արման Բաբաջանյանի մասնակցությամբ տեղի ունեցած ընդհարումը և պետական շահի, որևէ անհատի կամ կուսակցության դեմ վիրավորական բան չի տեսել:

«Դա սադրանք էր, որի ժամանակ առաջացավ պոռթկում երկու կողմից էլ: Մարդիկ ռոբոտ չեն, մարդ են, տեսնելով սադրանքը՝ պոռթկում տեղի ունեցավ»,-ասաց Գագիկ Ծառուկյանը:
Հիշեցնենք, որ հունվարի 21-ին խորհրդարանում վիճաբանություն սկսվեց անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի եւ ԲՀԿ-ական պատգամավոր Գեւորգ Պետրոսյանի միջեւ: Դա եղավ այն բանից հետո, երբ Պետրոսյանը քրեական ենթամշակույթին հարող անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասաց, թե գողական բառի հետ էլի երեք տառից բաղկացած հասկացություն կա, լավ կլիներ՝ դրա դեմ պայքարեին: Սրանից հետո Արման Բաբաջանյանը պահանջեց, որ ԲՀԿ-ի անունից ինչ-որ մեկը ներողություն խնդրի իրենց գործընկերոջ, իր ձեւակերպմամբ, «այս խայտառակ պահվածքի համար» եւ սկսվեց քաշքշուկ:
Դիտարկմանը, որ «Իմ քայլի» պատգամավորները, մասնավորապես՝ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն ասել է, որ սեռական բնույթի հայհոյանքներ են հնչել ԲՀԿ-ական պատգամավորների կողմից, Ծառուկյանը հստակ չպատասխանեց. նշելով. «Ես ձեր հարցին պատասխանեցի եւ ասում եմ՝ սա հիմնական սադրանք էր, որը երկու կողմից էլ եղավ:
«Հաճելի չէ, ցանկալի չէ, որ խորհրդարանում նման ինչ-որ բաներ առաջանան, երեւույթներ լինեն: Պետք է այնպես անեն, որ զերծ մնան դրանցից՚>>,-ասաց Ծառուկյանը: