Բավ է պառակտվել
12-03-2021 19:03

«Դա բացառվում է»․ Վազգեն Մանուկյանը վարչապետի հետ կոնսենսուսի մասին

Վազգեն Մանուկյանը կարծում է, որ գոյություն ունի երկրում քաղաքական ճգնաժամից դուրս գալու երկու ելք․ կամ իշխանությունը կցրի միտինգավորներին Բաղրամյան պողոտայից, կամ վարչապետը հրաժարական կտա։

Ընդդիմադիր «Հայրենիքի փրկության շարժումը» և վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարող են կոնսենսուսի հասնել միայն վարչապետի հրաժարականի հարցում։ Այս մասին ուրբաթ ասել է լրագրողներին ընդդիմադիր շարժման վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը։

Ավելի վաղ երկրի նախագահը հանդիպման էր հրավիրել վարչապետին, խորհրդարանական խմբակցությունների և «Հայրենիքի փրկության շարժման» ներկայացուցիչներին քննարկելու ներքաղաքական ճգնաժամից դուրս գալու ուղիները։ Սակայն ոչ բոլոր քաղաքական ուժերն են համաձայնել այդ հանդիպմանն, իսկ շարժումը ներկայացրել է իր պահանջները։

«Մեզ մոտ խոսակցություն կարող է գնալ միայն մի թեմայի շուրջ՝ նրա հեռանալու։ Ներկայիս պայմաններում խոսել արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին անիմաստ է, քանի որ, թույլ տալով նրան ընտրություններ անցկացնել՝ մենք կլեգիտիմացնենք նրա բոլոր խայտառակ պարտությունները»,- նշել է Մանուկյանը։

Նրա խոսքով՝ իրավիճակից դուրս գալու երկու ելք կա. կա՛մ իշխանությունը կցրի միտինգավորներին Բաղրամյան պողոտայից, կա՛մ վարչապետը հրաժարական կտա: Միևնույն ժամանակ, Մանուկյանը վստահ է, որ ոստիկանությունը չի ցրի հավաքվածներին, չի կատարի նման հրաման, չնայած, նրա խոսքերով, վերջին ժամանակներում Հայաստանը հետզհետե վերածվում է ոստիկանական պետության:

«Ինչպե՞ս կարելի է ընտրությունների գնալ նման պայմաններում և հավատալ, որ դրանց արդյունքները կարտացոլեն ժողովրդի կարծիքը: Դա բացառվում է», - ասել է ընդդիմադիրը:

Դրա հետ մեկտեղ Մանուկյանը շեշտել է, որ վերջին 2,5 տարվա ընթացքում նախագահ Արմեն Սարգսյանը բազմաթիվ հնարավորություններ ուներ ազդելու երկրում տեղի ունեցող իրադարձությունների վրա և կանխելու ռազմական իրավիճակի սրումը, բայց չօգտվեց դրանցից: Ընդդիմադիրը կարծում է, որ լարվածությունը գագաթնակետին չէր հասնի, եթե նախագահը Գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնանկ անելու մասին որոշումը ուղարկեր Սահմանադրական դատարան:

Հայաստանում ներքաղաքական ճգնաժամը սրվեց այն բանից հետո, երբ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց կառավարության հրաժարականը: Վարչապետը սա անվանեց հեղաշրջման փորձ և անմիջապես ստորագրեց որոշում ՝ Օնիկ Գասպարյանին Գլխավոր շտաբի պետի պաշտոնից ազատելու մասին: Չնայած Նախագահ Արմեն Սարգսյանը երկու անգամ չստորագրեց այս փաստաթուղթը (առաջին անգամից հետո վարչապետի աշխատակազմը հրամանագիրը նորից ուղարկեց նախագահին), սակայն չվիճարկեց այն Սահմանադրական դատարանում:


Նախագահը մարտի 10-ին դիմել է Սահմանադրական դատարան, բայց այլ հարցով․ որոշել «Զինվորական ծառայության և զինծառայողների կարգավիճակի մասին» 2017 թվականի նոյեմբերի 15-ի օրենքի Սահմանադրության հետ համապատասխանության հարցը, որի հիման վրա Գլխավոր շտաբի պետը հեռացվել է աշխատանքից: Ըստ ՀՀ օրենսդրության, եթե նախագահը չի ստորագրում վարչապետի միջնորդագիրը, որոշ ժամանակ անց այն ավտոմատ կերպով ուժի մեջ է մտնում: Այսպիսով, մարտի 9-ին լրացավ Գասպարյանի պաշտոնավարումը որպես Գլխավոր շտաբի պետ: Իսկ Սահմանադրական դատարան նախագահի դիմումի քննարկումը կարող է տևել մեկ ամիս:

Ընդդիմությունը որոշել է ով է լինելու փաշինյանին փոխարինող թեկնածուն
Ընդդիմադիր կուսակցությունների վարչապետի միասնական թեկնածուն Վազգեն Մանուկյանն է
Վազգեն Մանուկյանի հարցազրույցը
Տպավորություն է, որ մտածում են ՝ «Արցախի հարցը թող մի կերպ լուծվի, մեզ համար ազատ ապրենք» Վազգեն Մանուկյանը
Սա քաղաքական հետապնդում է․ Վազգեն Մանուկյանն՝ իր դեմ հարուցված քրգործի մասին (տեսանյութ)