Բավ է պառակտվել
01-12-2022 15:07

«Սա բանակցությունների օպերայից չէ». Լավրովը՝ բանակցային գործընթացում Հայաստանի պահվածքի մասին

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հինգշաբթի մամուլի ասուլիսում պատասխանել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացին և Արցախի կարգավիճակի խնդրին վերաբերող հարցին։

«Դեռևս 2012 թվականին մենք ունեինք առաջարկներ, որոնք, ընդունվելու դեպքում, կարող էին, հուսով եմ, մեկընդմիշտ փակել այս խնդիրը։ Այդ ժամանակաշրջանից ի հայտ եկավ Ղարաբաղի կարգավիճակը ապագային թողնելու հայեցակարգը։ Հայեցակարգը պարզ էր՝ հայերը հեռանում են Ղարաբաղի շուրջ հինգ ադրբեջանական շրջաններից, պահպանելով Հայաստանը Ղարաբաղի հետ կապող երկու շրջան, և այս երկու շրջանի ճակատագիրը, և դրանք ադրբեջանական են, դա ոչ ոք չի վիճարկում, կորոշվի Ղարաբաղի կարգավիճակի որոշման հետ մեկտեղ: Սկզբում ի հայտ եկավ կարգավիճակը ապագային թողնելու հայեցակարգը։ Ապագային ասելով նկատի էր ունեցվում հաջորդ սերունդը»,- ասել է Լավրովը։

Հետո, ասել է նա, 2020 թվականի աշնանը պատերազմ եղավ, որը կանգ առավ նախնական շփումների փուլում, երբ եռակողմ հայտարարություններ էին նախապատրաստվում, երեք եռակողմ գագաթնաժողով անցկացվեց՝ երկուսը Մոսկվայում, մեկը՝ Սոչիում։

«Այնուհետև խոսվեց նաև քաղաքական գործընթացն ինչ-որ կերպ սկսելու անհրաժեշտության մասին, ևկար ընկալում առ այն, որ ԼՂ կարգավիճակի հարցը կարելի է ապագային թողնել: Ելնելով սրանից Ռուսաստանը ձևակերպեց խաղաղության պայմանագրի իր տարբերակը, որը գարնանը փոխանցվեց կողմերին․ դրանում այդ նախադասությունը ներառված էր: Ադրբեջանական կողմն ասել էր, որ պատրաստ է հավանություն տալ ամեն ինչին, բայց կարգավիճակի հարցը պետք է լրացուցիչ մշակել»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարը։

Նա հիշեցրել է, որ հոկտեմբերի վերջին Սոչիում կայացած հանդիպման ժամանակ ցանկություն կար վերադառնալ այս հարցին և փորձել հասկանալ՝ որքանով են մեր գործընկերները պատրաստ գործել այն ջենթլմենական հասկացության ընկալմամբ, որ բոլոր հարցերը պետք է լուծվեն, իսկ կարգավիճակի հարցը պետք է թողնել ապագային:

«Բայց երբ նրանք՝ Ադրբեջանի նախագահն ու Հայաստանի վարչապետը, ժամանեցին Սոչի, եկան Սոչի, իրենց հետ Պրահայից բերել էին այն նույն փաստաթուղթը, ըստ որի՝ նրանք ցանկանում են խաղաղության պայմանագիր կնքել՝ առաջնորդվելով ՄԱԿ-ի կանոնադրությամբ և Ալմա Աթայի հռչակագրով: Իսկ ԱՊՀ ստեղծման մասին Ալմա Աթայի հռչակագրում ասվում է, որ նոր պետությունների միջև սահմանները հիմնվելու են նախկին ԽՍՀՄ պետությունների միջև եղած վարչական սահմանների վրա, իսկ այն ժամանակ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը միանշանակ Ադրբեջանական ԽՍՀ մաս էր կազմում: Ուստիև, երբ մեր հայ գործընկերները, ստորագրելով այդ համաձայնագիրը, մեզ ասում են՝ թող ՌԴ-ն հաստատի ԼՂ կարգավիճակի վերաբերյալ իր առաջարկները, ապա ինքներդ էլ եք հասկանում, որ սա բանակցությունների օպերայից չէ, ուրիշ օպերայից է», - ասել է Լավրովը: