Բավ է պառակտվել
06-02-2020 18:58

«Սա վիրավորանք է իմ հասցեին»․ Նիկոլ Փաշինյան

«Մի կողմից սա՝ տխուր, վիրավորական, բայց մյուս կողմից ուրախ իրադարձություն է: Այսպես մեկնաբանեց կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանը երեկ կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալված ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը դեպքը:
Նիկոլ Փաշինյանը պարզաբանեց, որ տխուր է, քանի որ Հայաստանի Հանրապետության դրոշի ներքո եւ զինանշանի ներքո, ու ՀՀ ժողովրդի անունից գործող պաշտոնյան կարող է ձեռքը երկարել՝ կեղտոտ գործարքի համար: Վիրավորական է, որ ՀՀ դրոշի եւ զինանշանի ներքո գործող պաշտոնյան կարող է օրինակ վարչապետի կողմից շնորհվող վաստակավոր շինարարի կոչում ստանալու հարցում աջակցելու համար վերցնել 5 հազար դոլար կաշառք ու վարչապետին միջնորդություն ներկայացնել այդ անձին վաստակավոր շինարարի կոչում շնորհելու համար:
Փաշինյանը կարծում է, թե նման վիրավորանք հասցրած անձը, անձինք պետք է ենթարկվեն խստագույն պատասխանատվության։
«Ուրախ իրադարձություն է այն առումով, որ եթե ՀՀ-ում կար որեւէ մեկը, որ կասկածում է՝ կոռուպցիան արմատախիլ անելու մեր կամքին ու վճռականությանը, հույս ունեմ, այդ մարդիկ հասկացան՝ ամեն ինչ շատ ավելի լուրջ է, քան նրանք կարող են պատկերացնել: Ու, եթե կան այս հարցում կոնկրետ իմ վճռականությանը կասկածող մարդիկ՝ ես խոստանում եմ, որ մենք այդ մարդկանց հետեւից անպայմանորեն ու անխուսափելիորեն գնալու ենք»,֊ասաց Փաշինյանը
Փաշինյանը խոսեց նաև անցած գիշեր Բավրայի մաքակետում մաքսանենգություն բացահայտված դեպքի մասին, որում ներգրավված են մաքսային ծառայության մի շարք աշխատողներ: Նրա խոսքով, այդ աշխատակիցներն աջակցել են առանց մաքսային ձևակերպման ապրանքներ ներկրելուն: «Այստեղ իմ ռեակցիան նորից նույնն է, զարմանում եմ այդ մարդկանց տրամաբանության վրա, տպավորություն է՝ հեռուստացույց չեն դիտում, սոցցանցերին ու լուրերին չեն դիտում: Եթե որևէ մեկին թվում է, որ տեսախցիկների առաջ մի բան խոսում ենք, աշխատասենյակներում ուրիշ բան անում, այդ մարդիկ չարաչար սխալվում են: Կոռուպցիան արմատախիլ ենք անելու Հայաստանում», – ասաց Փաշինյանը:

 

Արմինե Գևորգյան