Բավ է պառակտվել
19-01-2023 14:04

«Դա ահաբեկիչների պահվածքն է». ՀՀ ԱԳՆ-ն կոչ է արել միջազգային կազմակերպություններին գնահատական տալ հայ երեխաների նկատմամբ Ադրբեջանի գործողություններին

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը երեխաների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող միջազգային կազմակերպություններին կոչ է արել գնահատական տալ Ադրբեջանի գործողություններին հայ երեխաների նկատմամբ, որոնք ավտոբուսով Արցախ են վերադարձել կեղծ բնապահպանների կողմից արգելափակված Լաչինի միջանցքով։

«Երեխաների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող միջազգային կազմակերպություններն ու կառույցները, քաղաքակիրթ մարդկության ներկայացուցիչները պետք է հստակ գնահատական տան ադրբեջանական կողմի այս արգահատելի գործելակերպին` նմանօրինակ նոր դեպքեր թույլ չտալու համար»,- ասվում է ԱԳՆ հաղորդագրության մեջ։

Արտաքին քաղաքական գերատեսչությունում ցնցված են հունվարի 17-ին Լեռնային Ղարաբաղ վերադարձող, Լաչինի միջանցքի արգելափակման պատճառով շուրջ 40 օր իրենց ծնողական խնամքից զրկված և ընտանիքներից բաժանված երեխաների նկատմամբ ադրբեջանական կողմի ցուցաբերած անթույլատրելի վերաբերմունքից։

Հաղորդվում է, որ, ինչպես ակնհայտորեն երևում է հենց ադրբեջանական կողմի հրապարակած տեսանյութերում, ահաբեկիչներին հատուկ վարքագիծ ցուցաբերող «էկո-ակտիվիստները» կանգնեցրել են Լաչինի միջանցքով երեխաներին տուն՝ Լեռնային Ղարաբաղ տեղափոխող փոխադրամիջոցը, ցուցադրաբար բղավոցներ են հնչեցրել, դիմակավորված ներխուժել փոխադրամիջոց, անօրինական կերպով տեսանկարահանել երեխաներին և հոգեբանական բռնություն գործադրել նրանց նկատմամբ: Այս ամենի հետևանքով երեխաները ենթարկվել են հոգեբանական ահաբեկման, նրանցից մեկն ուշաթափվել է։

«Ադրբեջանական կողմի այս գործողություններն այդ երկրում պետական մակարդակով իրականացվող հայության նկատմամբ ատելության և թշնամանքի, Լեռնային Ղարաբաղի հայությանը տեղահանելու քաղաքականության վառ օրինակներից են, որը հասնում է անգամ երեխաներին թիրախավորելու մակարդակի։ Նմանօրինակ վարքը որևէ արդարացում չունի թե՛ միջազգային իրավական, թե՛ մարդկային-բարոյական հարթությունում»,- ընդգծել են ԱԳՆ-ում։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ադրբեջանի իշխանությունների կողմից վերահսկվող ադրբեջանցի կեղծ էկոակտիվիստները ահաբեկել են արցախցի երեխաներին, որոնք երեքշաբթի օրը ռուս խաղաղապահների միջնորդությամբ Հայաստանից տեղափոխվել են Արցախ։ Ճանապարհին կեղծ բնապահպանները մտել են ավտոբուս, որտեղ 19 երեխա է եղել, և նրանց նկատմամբ հոգեբանական բռնություն գործադրել։