Բավ է պառակտվել
10-01-2023 17:12

«Դա կվատացնի իրավիճակը». Փաշինյանը մեկնաբանել է Արցախում ՀԱՊԿ խաղաղապահների տեղակայման հնարավորությունը

Երեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնաբանել է Արցախում ՀԱՊԿ բազմազգ խաղաղապահ առաքելություն տեղակայելու հնարավորությունը։

«ՀԱՊԿ բազմազգ խաղաղապահ առաքելություն տեղակայելը տեսականորեն գաղափար է, բայց պետք է նայել, թե ՀԱՊԿ մի շարք երկրներ ինչքանով են օբյեկտիվ և չեզոք ԼՂ իրավիճակի հարցում։ Ընդ որում՝ նրանք չեզոք չեն դե յուրե, որովհետև մեր դաշնակիցն են, իսկ դե ֆակտո չեզոք չեն, քանի որ ավելի շատ Ադրբեջանի հետ խորը տնտեսական, քաղաքական հարաբերություններ ունեն, քան ՀՀ–ի հետ, ուստի տեսականորեն այս գաղափարը կա, իսկ գործնականում չի լավացնի վիճակը, ընդհակառակը՝ ավելի կվատացնի»,- ​​ասաց նա։

Ռուսական խաղաղապահ զորախումբը (ՌԽԶ) տեղակայվել է Ղարաբաղի տարածքում 2020 թվականի նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի ղեկավարների կողմից հրադադարի մասին եռակողմ հայտարարության ստորագրումից հետո։ Երեսուն դիտակետերում ռուս խաղաղապահները շուրջօրյա դիտարկում են իրավիճակը և վերահսկում հրադադարի ռեժիմի պահպանումը։

2022 թվականի դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը արգելափակել է Լաչինի միջանցքով՝ Արցախը Հայաստանի և մնացած աշխարհի հետ կապող միակ ճանապարհով տեղաշարժը։ Արդյունքում, արդեն 30-րդ օրն է, 120 հազար արցախցի շրջափակման մեջ է, հանրապետությունում սպառվում են պարենի, դեղորայքի, առաջին անհրաժեշտության ապրանքների պաշարները։