Բավ է պառակտվել
14-02-2020 18:50

Հո Մանուշակ մանկապարտեզը չի՞,հեղափոխությունը որևէ մեկը չի կարող խլել ․Էդմոն Մարուքյան

Սիրո պակաս կա ԱԺ –ում ․ Սիրո տոնի առթիվ «Լուսավոր Հայաստան » խմբակցությունը լուսավոր սեր է մաղթում բոլորին, հետո ասում, որ այս շաբաթ սիրո պակասը առավել քան ակնհայտ էր։ Չկար հանդուրժողականություն, իշխանությունն էլ հակաքարոզչություն է անում «Լուսավոր Հայաստան»–ի դեմ։
«Մեր դեմ սանձազերծված է շատ վատ, բոլոր կարմիր գծերը խախտած հակաքարոզչություն։ Եվ արվում է մեկ բանի համար՝ որ իրենք համաձայն չեն։ Այս ընթացքում մեր բարձրաձայնած ամենահիմնարար մտահոգությունն այն է, որ իշխանությունն իր հետ չհամաձայնած մարդկանց ասում է, որ դուք նախկին եք, ծախված եք։ Իրենք ուրիշ ձև են տեսնում, մենք ուրիշ ու մեր հետ այսպես են վարվում։ Էս է իրենց որակը։ Իրենք իրենց կենսագրությունն են կասկածի տակ դնում, անցած ճանապարհն են կասկածի տակ դնում»,–ասում է Մարուքյանը։
Երեկ Թևան Պողոսյանը կրկին անգամ պատրաստակամություն էր հայտնել իր օջախում հյուրընկալել երբեմնի թիմակիցներին՝մի պայմանով, որ նրանք անձնականը վեր չդասեն պետությունից։ Մարուքյան ասաց, որ Թևան Պողոսյանը այս անգամ չի կարող օգնել, նրանք չեն կարող հավաքվել մի սեղանի շուրջ։ Միևնույն ժամանակ էլ նկատում, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ որևէ անձնական խնդիր չունի, այլ միայն քաղաքական։ Ինչու միասին ճանապարհ անցած երբեմն գործընկերները չեն միանում հեղափոխությունը լիարժեք ավարտին հասցնելու գործընթացին ։ «Լուսավորից» Մանե Թանդիլյանը ասում է, որ այս օրերին նրանք իշխանությունների կողմից չլսեցին որևէ փաստարկ, որ ՍԴ –ն տապալել է որևէ բարեփոխում։ Իսկ հեղափոխությունը մենք չենք խլել,ասում է Էդմոն Մարուքյանը։
«Հո Մանուշակ մանկապարտեզը չի, հեղափոխությունը որևէ մեկը չի կարող խլել որևէ մեկից։ Պատմական մեծամասնություն է ձևավորել իշխանությունը, անհնար է խլել այդ հեղափոխությունը և ով որ կասի՝ հեղափոխությունը խլում են, նա ստում է․․ստախոս է»,–ասաց Մարուքյանը։
Լուսավոր Հայաստանը այլևս չի խոսելու հանրաքվեից, որևէ բանավեճի չի մասնակցելու, քանի որ երկրում ավելի կարևոր հարցեր կան լուծելու։ Բոլորին լուսավոր սեր մաղթեցին ու հեռացան։ Եկավ ԲՀԿ խմբակցությունը։ Նրանք էլ Բարգավաճ սեր մաղթեցին բոլորին ու սկսեցին հարցերին պատասխանել։ Ի՞նչու է ուշանում ԲՀԿ –ի հայտարարությունը, և ի՞նչու վճռական պահերին ԲՀԿ –ն անհասկանալի դիրքորոշում է ցուցաբերում։ Այստեղ կյանքի ու մահվան հարց չկա, ասաց Իվետա Տոնոյանը, իսկ Միքայել Մելքումյանը շտապեց փարատել բոլորի կասկածները։
«Մենք գնացքը չենք լքում,ու գնացքից չենք փախչում։ Մենք հանրաքվեի անցկացման գաղափարին դեմ չենք, բայց չենք մասնակցում մի պրոցեսի, որը ի վերուստ իրավական խնդիրներ ունի։ Մենք շեշտել ենք, որ մենք հանրաքվեի գաղափարին դեմ չենք, կողմ ենք, բայց հանրաքվեին հասնելու համար կա իրավական ճանապարհ, որը մենք պետք է անցնեինք շատ գրագետ, անխոցելի և անթերի, չենք կարող խուսափել Սահմանադրության համապատասխան հոդվածներից և ԱԺ կանոնակարգ օրենքի հոդվածներից: Այո՛, մենք էլ ենք նպատակահարմար գտնում ՍԴ ուղարկել փաստաթուղթ, որն ինքնալուծարման մասին է»,-ասաց նա:
Իսկ ահա իշխող «Իմ քայլը» դաշինքը որևէ իրավական խնդիր չի տեսնում հանրաքվե անցկացնելու գործընթացում։ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը շեշտում է, որ պետք է գնալ եւ «այո» ասել, որպեսզի հեղափոխությունն ամբողջական լինի։ Մինչ «Լուսավոր Հայաստանը» պնդում է, որ իշխանությունը որեւէ փաստարկ չի բերում, Ալեն Սիմոնյանը բացատրում է, թե ինչու պետք է ցրել ներկա Սահմանադրական դատարանը։
«ՍԴ-ն քաղաքականացված է, ՍԴ-ն նախագահող Հրայր Թովմասյանը ընտրված է անօրինական ու փաստացի ներկայացնում է քաղաքական մի թև, զբաղվում քաղաքականությամբ: Տարիներ շարունակ ՍԴ-ն ընտրություններից հետո կայացրել է անհասկանալի որոշումներ կամ սատարել է քաղաքական իշխանությանը: Այս հանրաքվեով կլուծվեն մի շարք խնդիրներ, որով կբարելավվի դատական ընդանուր համակարգը»։

 

Արմինե Գևորգյան