Բավ է պառակտվել
11-12-2019 16:27

Այս նախագծով լեգիտիմացվեց պորտաբուծությունը - Նաիրա Զոհրաբյան

 

ՀՀ Ազգային ժողովում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվել է Սահմանադրական դատարանի դատավորների վաղ կենսաթոշակային համակարգի ներդրման օրենքի նախագիծը: Այս նախագծի ընդունումից հետո ՍԴ անդամները կարող են հրաժարական տալ, գնալ թոշակի ու ստանալ նույնքան թոշակ, որքան հիմա աշխատավարձ են ստանում։
Հիմնական զեկուցող արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նշեց, որ ըստ էության երեկ պետաիրավական հանձնաժողովում վերախմբագրվել է նախագիծը, կոնցեպտուալ փոփոխությունների չի ենթարկվել, և քանի որ երեկ քննարկվել է, այժմ ավելացնելու ոչինչ չունի:
Այսօր էլ բավական թեժ անցավ այս քննարկումը։ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը ասաց, որ այս նախագիծը որևէ ձևով չի նպաստում Սահմանադրական դատարանում, քաղաքական իշխանության կողմից բարձրացված ճգնաժամի լուծմանը: Վերջինս շեշտեց որ իշխող մեծամասնությունն առաջարկում է մի նախագիծ, որով խրախուսում և օրինականացնում անաշխատ եկամուտը: «Անձինք, ովքեր ձեր կարծիքով օրենսդրությունը խախտել են, ձեր իսկ առաջարկությամբ հարկատուների գրպանի հաշվին գնում են վաստակած հանգստի: Այս նախագիծը ոչ իրավական, ոչ քաղաքական, ոչ սոցիալական տրամաբանություն չունի և նման անտրամաբանական եղանակներով դուք չեք կարող ձեր առջև դրված խնդիրը լուծել:
Իսկ ԲՀԿ –ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն էլ նկատեց, որ այս նախագծով լեգիտիմացնում եք պորտաբուծությունը։ «Դուք մարդկանց, ում համարում եք հանցագործ, էստեղ գնահատական հնչեց, որ նրանք հանցագործ են, որ նրանց պիտի այրել, նրանց պիտի գնդակահարել … այսինքն՝ մարդկանց, որոնք հանցագործ են, որոնք այս-այս-այս-այս թվերին, ըստ Ձեզ, կատարել են հանցագործությունները, դուք պարգևատրում եք։ Պարգևատրում եք տարիներ շարունակ՝ հսկայական գումարներով», – ԱԺ ամբիոնից իշխանական թիմին ուղղված իր խոսքում ասաց Նաիրա Զոհրաբյանը։
Այնուհետև ամբիոնին մոտեցավ Իմ քայլը խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, բայց նրա խոսքը ուղղված էր ԲՀԿ –ական պատգամավորներին։
«Սիրելի՛ «Բարգավաճ Հայաստան» խմբակցություն, խնդրում եմ՝ մանիպուլյացիայով մի՛ զբաղվեք։ Երբեք ո՛չ այս ամբիոնից, ո՛չ որևէ տեղից չի հնչել «դուք մեր դուրը չեք գալիս» արտահայտությունը», – ասաց Մակունցը։
Վերջինս խոսքով իրենց խմբակցությունից որևէ մեկն ինկվիզիցիայի, մարդկանց այրելու մասին չի խոսել։ Իշխանական խմբակցության ղեկավարն ասաց, որ իրենք այս նախագծով չեն գնում «Սահմանադրական դատարանի ճգնաժամի» լուծման, բայց համարում են, որ այդ նախագիծը կարող է օգնել դրան։
Լիլիթ Մակունցի պատասխան ելույթով հանդես եկավ ԲՀԿ –ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանը։
«Մանիպուլյացիա» բառը որոշ մարդիկ սարքել են տերունական աղոթքի նման բան։ Ընդդիմությունն ինչ խոսում է, ասում եք՝ մանիպուլյացիա եք անում, բա ի՞նչ անենք», – ասաց Պետրոսյանը։ Վերջինս հորդորեց հարգանքը չկորցնել իրար նկատմամբ, ապա մեջբերեց Սահմանադրությունն ու ասաց, որ ամեն պատգամավոր իր կարծիքն է ասում այս կամ այն հարցի վերաբերյալ։
Իսկ երբ քվերակությունը ավարտվեց ԲՀԿ պատգամավոր Շաքե Իսայանը ձայն խնդրեց ու քննադատեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին՝ մեղադրելով նրան արդարության և ոչ խտրական վերաբերմունքի սկզբունքներին չհետևելու մեջ։
«Պարո՛ն Միրզոյան, ի պատիվ Ձեզ՝ մինչ երեկվա քննարկումները Դուք կարողացել էիք լինել երեք խմբակցությունների ԱԺ նախագահը։ Բայց թույլ տվեք ֆիքսենք, որ երեկ ՍԴ դատավորների մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ Դուք հանդիսացաք միայն «Իմ քայլը» խմբակցության Ազգային ժողովի նախագահը», – ասաց Իսայանը։
Բոլոր խմբակցությունների ԱԺ նախագահ լինելու թեզն առաջ էր քաշել ինքը՝ Արարատ Միրզոյանը, երբ հունվարին ելույթ էր ունենում որպես խորհրդարանի նախագահի թեկնածու։ Այսօր նա այս մեղադրանքին չպատասխանեց ու փակեց նիստը։
Հիշեցնենք, որ Միրզոյանը քննադատել էր Ազգային ժողովի ԼՀԿ և ԲՀԿ խմբակցություններին՝ օրինագիծը քննարկելու ժամանակ։
Ի վերջո բուռն քննարկումներից հետո Ազգային ժողովը 75 կողմ և 34 դեմ օրինագիծը ընդունվեց։ Այս ձայներին գումարվեց այն պատգամավորների ձայները, որոնք գտնվելով գործուղման մեջ, իրենց դիրքորոշումը հայտնել են նամակով:
ԲՀԿ և ԼՀԿ խմբակցությունները դեմ քվերակեցին։ Իսկ նախագիծն առաջարկել էր կառավարությունը։

 

Արմինե Գևորգյան