Բավ է պառակտվել
12-02-2015 17:12

ԵԽ հանձնաժողովն անդրադարձել է Հայոց ցեղասպանությանը

Այս շաբաթ Եվրախորհրդարանի արտաքին գործերի մշտական հանձնաժողովը ընդունեց իր տարեկան զեկույցը «Մարդու իրավունքները եւ ժողովրդավարությունը աշխարհում» թեմայով: Զեկույցը պարունակում է Հայաստանին վերաբերող մի քանի պարբերություն: Հատկապես կարեւոր է, որ ի թիվս այլ հարցերի, այն հստակ մոտեցում է ցուցաբերում ցեղասպանությունների եւ դրանց ժխտման նկատմամբ: «Մասնավորապես, հանձնաժողովի քվեարկած նոր հավելվածներից մի քանիսը վերաբերում են ցեղասպանություններին, ինչպես նաեւ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին, դիմում են անդամ երկրներին ընդունել ցեղասպանությունը՝ կոչ անելով նրանց եւ ԵՄ ինստիտուտներին սատարել դրա ճանաչմանը»,- բացատրում է «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության տնօրեն Էդուարդո Լորենցո Օչոան (ՀԵԲ,www.eufoa.org): Դեռ ավելին, հանձնաժողովը հատուկ ուշադրություն է դարձնում իրավապաշտպաններին եւ ամբողջ աշխարհում քաղաքական դրդապատճառներով բանտարկված մարդկանց: Զեկույցը խորհուրդ է տալիս ԵՄ-ին զգոնություն ցուցաբերել այս հարցի եւ մարդու իրավունքների խնդրին առնչվող այլ թեմաների նկատմամբ՝ երրորդ երկրների հետ համագործակցություն հաստատելիս: Այն կոչ է անում մարդու իրավունքների հարցերն առավել համակարգված բարձրացնել՝ ներառյալ Սախարովի մրցանակի դափնեկիրների եւ թեկնածուների գործերը, հատկապես եվրոպացի պաշտոնյաների՝ երրորդ երկրներ այցելություն կատարելիս: Եվրոպական խորհրդարանի արտաքին գործերի մշտական հանձնաժողովը զեկույցում ներառել է մի քանի պարբերություն, որոնք անմիջական առնչություն ունեն Հայաստանի հետ: Առաջին հերթին, հանձնաժողովը հայտարարել է, որ ցեղասպանությունների ժխտումը եւ մարդկության դեմ ուղղված այլ հանցագործությունների ժխտումը պետք է դատապարտվեն եւ որակել է դրանք որպես մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների ուղղակի խախտում: Հանձնաժողովը նաեւ ընդունել է հայերի, եզդիների եւ տարբեր ազգային փոքրամասնությունների հանդեպ Իսլամական պետության կողմից իրականացվող հետապնդումներն ընդգծող հավելված՝ կոչ անելով ԵՄ-ին եւ անդամ պետություններին երաշխավորել նրանց ազատությունը: «Հպարտ եմ նշել, որ մեզ հաջողվեց նպաստել նման կարեւոր հարցերի շուրջ իրազեկման բարձրացմանը, եւ որ արտաքին հարցերի մշտական հանձնաժողովը ընդունում է, որ այս թեմաները պետք է կազմեն մարդու իրավունքների եւ ժողովրդավարության ԵՄ քաղաքականության անբաժանելի մաս»,- հավելեց «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության ղեկավարը: