Բավ է պառակտվել
15-03-2023 16:07

Եվրախորհրդարանը կոչ է արել Ադրբեջանին անհապաղ լքել Հայաստանի տարածքը և ազատ արձակել ռազմագերիներին

Եվրախորհրդարանն ընդունել է ԵՄ-Հայաստան հարաբերությունների վերաբերյալ զեկույցը, որում պատգամավորները համոզմունք են հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղություն հնարավոր չէ հասնել ռազմական ճանապարհով և ուժի սպառնալիքով, անհրաժեշտ է համապարփակ քաղաքական կարգավորում՝ միջազգային իրավունքին համապատասխան։

Զեկույցում խստորեն դատապարտվում է 2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի կողմից իրականացված լայնածավալ ռազմական ագրեսիան Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ։

Պատգամավորները կոչ են անում Ադրբեջանի իշխանություններին.

- անհապաղ լքել Հայաստանի տարածքը և ազատ արձակել Ադրբեջանում պահվող ռազմագերիներին

- ապահովել Լաչինի միջանցքով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը

Միաժամանակ նրանք կոչ են անում Հայաստանին և Ադրբեջանին

- ամբողջությամբ իրականացնել 2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի եռակողմ հայտարարությամբ ամրագրված բոլոր պարտավորությունները․

- նպաստել ապագա խաղաղության պայմանագրի քննարկմանը, լուծել հակամարտության բուն պատճառները և զերծ մնալ ցանկացած միջոցներից, որոնք կարող են հանգեցնել հետագա սրման․

- շտապ միջոցներ ձեռնարկել՝ ուղղված իրենց բնակչությանը խաղաղ գոյակցությանը նախապատրաստելուն, ներառյալ մարդկանց միջև շփումների ամրապնդմանն ուղղված միջոցառումները․

- ձեռնպահ մնալ թշնամական հռետորաբանությունից կամ գործողություններից, որոնք կարող են ընկալվել որպես ատելության կամ բացահայտ բռնության դրդում կամ որպես անպատժելիության աջակցություն․

- ստեղծել անցումային արդարադատության մեխանիզմ՝ որպես վստահության ամրապնդման միջոց՝ կայուն խաղաղության և հաշտեցման հասնելու համար:

Ավելի վաղ նմանատիպ կոչերով ու պահանջներով զեկույց էր ընդունվել ԵՄ-Ադրբեջան հարաբերությունների վերաբերյալ։