Բավ է պառակտվել
10-02-2023 12:07

Եվրախորհրդարանը կոչ է արել Ադրբեջանին դուրս բերել զորքերը Հայաստանի տարածքից

Եվրախորհրդարանի պատգամավորները խստորեն դատապարտում են 2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա իրականացված լայնածավալ ռազմական հարձակումը և կոչ են անում դուրս բերել զորքերը։ Դա խաթարել է խաղաղության հասնելու նախկին փորձերը և հանգեցրել նրան, որ Ադրբեջանի զինված ուժերը օկուպացրել են Հայաստանի ինքնիշխան տարածքը։ Այս մասին ասվում է Հայաստանի հետ ԵՄ հարաբերությունների վերաբերյալ նոր զեկույցում, որը պատրաստվել է Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից և ընդունվել է նախօրեին։

Եվրախորհրդարանի պաշտոնական հաղորդագրության համաձայն, այս վերջին ագրեսիան ուղղակիորեն կապված չէ Լեռնային Ղարաբաղի շուրջ երկարամյա հակամարտության հետ։ Զեկույցը նաև կոչ է անում երկու երկրների կառավարություններին աշխատել համապարփակ և փոխընդունելի խաղաղության պայմանագրի ուղղությամբ, իսկ ԵՄ-ին՝ մշտապես հանդես գալ որպես միջնոր և արդյունավետորեն նպաստել այս հակամարտության խաղաղ կարգավորմանը:

Եվրախորհրդարանի պատգամավորները նաև վերահաստատում են, որ արդյունավետ լինելու համար ցանկացած խաղաղ պայմանագիր պետք է ներառի դրույթներ, որոնք երաշխավորում են Հայաստանի ինքնիշխան տարածքի ամբողջականությունը, Լեռնային Ղարաբաղում և հակամարտությունից տուժած այլ տարածքներում բնակվող հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը, ինչպես նաև փախստականների և ներքին տեղահանվածների արագ ու անվտանգ վերադարձն իրենց տներ:

«Եվրամիություն-Հայաստան հարաբերությունների զեկույցը վերահաստատում է Եվրախորհրդարանի հանձնառությունը տարածաշրջանում խաղաղությանը և մի շարք կարևոր ոլորտներում Հայաստանի և ԵՄ համագործակցությանը: Որպես այս ուղղությամբ արվող կարևոր քայլ՝ մենք ողջունում ենք Հայաստանում ԵՄ առաքելության ստեղծումը և կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը երաշխավորել ազատ և անվտանգ տեղաշարժը Լաչինի միջանցքով, որը գրեթե երկու ամիս արգելափակված է», - ասել է զեկուցող Անդրեյ Կովաչևը (ԵԺԿ, Բուլղարիա) քվեարկությունից հետո։

Զեկույցն ընդունվել է 55 կողմ, 0 դեմ, 5 ձեռնպահ ձայներով։