Բավ է պառակտվել
08-02-2023 14:27

ԵՄ-ն աջակցում է Թբիլիսիի միջնորդությանը Երևան-Բաքու բանակցություններում. ԵՄ հատուկ ներկայացուցիչ

Եվրամիությունը աջակցում է Վրաստանի միջնորդությանը Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններում։ Այս մասին վրացական Moambe հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Հարավային Կովկասի և Վրաստանի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։

«Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլու հետ հանդիպմանը մենք խոսեցինք նրա անձնական մասնակցության և Հայաստանի նախագահի և վարչապետի հետ փոխգործակցության, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև նրանց մերձեցման հարցում որպես միջնորդ հանդես գալու նրա ցանկության մասին, մենք դրան աջակցում ենք», - ասել է Կլաարը։

Նա հուսով է, որ ապագայում Եվրամիության և Հարավային Կովկասի երեք երկրների միջև համագործակցությունն էլ ավելի կընդլայնվի և կսերտանա։

Ինչպես ասում է ԵՄ հատուկ ներկայացուցիչը, տարածաշրջանում խաղաղության և կայունության համար ողջունելի է հարևան երկրների՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև կամուրջի դեր կատարելու Վրաստանի ձգտումը։
"Շատ կարևոր է, որ Հարավային Կովկասի բոլոր երեք երկրները միասին աշխատեն և նպաստեն խաղաղությանը, Վրաստանի դերը՝ որպես կամուրջ Հայաստանի և Ադրբեջանի միջև, շատ կարևոր է։ Մենք վարչապետի հետ քննարկել ենք այդ ուղղությամբ ձեռնարկված քայլերը, և ես հույս ունեմ, որ ապագայում Եվրամիության և Վրաստանի, ԵՄ-ի և Հարավային Կովկասի երեք պետությունների միջև համագործակցությունն այդ ուղղությամբ էլ ավելի սերտ կլինի»,-ասել է Կլաարը։
Ավելի վաղ Ղարիբաշվիլին հայտարարել էր, որ Վրաստանը խաղաղ հարևանության հարթակ ձևավորելու նախաձեռնություն ունի։ Նա ընդգծել է տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման կարևորությունը և հաստատել դրան նպաստելու Վրաստանի պատրաստակամությունը։