Բավ է պառակտվել
29-05-2021 11:55

ԵՄ-ն առաջարկել է Հայաստանին և Ադրբեջանին օգնություն սահմանազատման և սահմանագծման հարցերում և կոչ է արել ազատել հայ գերիներին

Եվրամիությունը մտահոգված է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանին իրավիճակով և պատրաստ է օգնություն ցուցաբերել սահմանազատման և սահմանագծման հարցերում։ Այդ մասին ասվում է ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության հայտարարության մեջ, որը տարածվել է ուրբաթ Բրյուսելից։
«Վերջերս հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած իրադարձությունները միաժամանակ ե՛ւ վտանգավոր են, ե՛ւ մտահոգիչ։ Անհրաժեշտ է անհապաղ դեէսկալացիա։

Եվրամիությունը հորդորում է երկու կողմերին զերծ մնալ հետագա ցանկացած ռազմական զարգացումներից և գործողություններից», - նշված է հայտարարության մեջ։
Փաստաթղթում ասված է, որ ԵՄ-ն պատրաստ է օգնել կողմերին սահմանազատման և սահմանագծման հարցերում։ «ԵՄ-ն պատրաստ է փորձագիտական աջակցություն ցուցաբերել և օգնել սահմանազատման և սահմագծման հարցերում, ինչպես նաև նպաստել վստահությունն ամրապնդելու անհարժեշտ միջոցառումներին, որպեսզի ապահովվի կայուն խաղաղությունն ու բարգավաճումը Հարավային Կովկասում», - ընդգծված է դրանում։

Բացի այդ, ԵՄ-ն դարձյալ կոչ է անում Ադրբեջանին ազատել հայ ռազմագերիներին։ «Մենք շարունակում ենք կոչ անել Ադրբեջանին անհապաղ ազատել բոլոր ռազմագերիներին և գերեվարված քաղաքացիներին։ Մենք ողջունում ենք բոլոր ջանքերը, որոնք ուղղված են լարվածությունը թուլացնելուն՝ ներառյալ հնարավոր միջազգային դիտորդական առաքելության մասին առաջարկները», - ասված է փաստաթղթում։

Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը շարունակում է լարված մնալ մայիսի 12-ից: Հինգշաբթի օրը Ադրբեջանը հայտարարեց վեց հայ զինծառայողների գերեվարման, երբ նրանք փորձում էին հատել սահմանը դիվերսիա իրականացնելու նպատակով: Հայկական կողմը հաստատեց զինծառայողների գերեվարման փաստը, բայց շեշտեց, որ նրանք այդ պահին ինժեներական աշխատանքով էին զբաղված Հայաստանի Գեղարքունիքի մարզի սահմանային գոտում: Երևանն այս միջադեպն արդեն անվանել է առևանգում և դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան: