Բավ է պառակտվել
22-01-2018 11:11

ԵՄ-ն ՀՀ քաղաքացիական հասարակությանը կհատկացնի 1,74 մլն Եվրո՝ 5 նոր ծրագրերի համար

Եվրոպական միությունը տրամադրում է 1,74 մլն Եվրոյի չափով ֆինանսական աջակցություն ` Հայաստանում քաղաքացիական հասարակության զարգացմանն ուղղված հինգ նոր ծրագրերի իրականացման համար: Ծրագրերն ուղղված են ժողովրդավարական կառավարման և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտների բարելավմանը:

ՀՀ-ում ԵՄ պատվիրակության հաղորդագրության համաձայն, այս ծրագրերն ընդգրկում են 2017թվականի նոյեմբերի 24-ին Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության կողմից ստորագրված Համապարփակ և Ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրում նշված և հաստատված հիմնարար արժեքները:

Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պետր Սվիտալսկին ասել է. «Եվրամիության պատվիրակությունը սկսում է հանրային նշանակության հինգ նոր ծրագրեր, որոնք ուղղված են քաղաքացիական հասարակության զարգացմանը, քաղաքացիների ներգրավմանը` մասնակցելու կառավարման և մարդու իրավունքների ոլորտի տարբեր գործողությունների: Հուսով եմ, որ այս նոր ծրագրերը կնպաստեն ավելի ու ավելի շատ երիտասարդների և սովորական քաղաքացիների ներգրավմանը՝ Հայաստանում առկա մի շարք կարևոր սոցիալական խնդիրների քննարկմանը»:

«Այս հինգ նոր ծրագրերն ընդգրկում են տարբեր ոլորտներ` փակ հաստատություններում գտնվող մարդկանց իրավունքների պաշտպանության,կանանց կողմից ղեկավարվող կազմակերպությունների և պետական քաղաքականության, բյուջեի կատարման, ինչպես նաև էներգիայի ծախսերի կրճատմանը վերաբերող հարցեր: Այսպիսով, անկախ ձեր հետաքրքրություններից, այդ ծրագրերը վերաբերում են յուրաքանչյուրին », - ասել է Սվիտալսկին:

Նոր ծրագրերում ներգրավվելու են Հայաստանի քաղաքացիներ, այդ թվում նաև կանայք և երիտասարդներ: Նախատեսված են միջոցառումներ, որոնք ուղղված են մարդու իրավունքների պաշտպանությանը, բյուջեի թափանցիկության ապահովմանը, կանանց կողմից կառավարվող կազմակերպությունների կարողությունների զարգացմանը, փակ հաստատություններում տիրող իրավիճակի և դրա վերաբերյալ քննարկումների անցկացմանը, ինչպես նաև նոր տեխնոլոգիաների միջոցով էներգախնայողության վերաբերյալ գյուղերի բնակչության ու ընդհանուր հասարակության իրազեկվածության բարձրացմանը:

«Հանրային հայացք՝ փակ աշխարհին. փակ հաստատություններում մարդու իրավունքների իրավիճակի մասին իրազեկման բարձրացում», «Տեղեկատվության մատչելիություն և հետաքննական լրագրություն առավել իրազեկված քաղաքացիների համար», «ԵՄ-ն քաղաքացիական հասարակությանը. էներգախնայողությունը Հայաստանի համայնքներում», «Դրական փոփոխություն՝ քաղաքացիական հասարակության կարողությունների հզորացման միջոցով», «ԵՄ-ն կանանց համար. Տնտեսական հզորացում սոցիալական ձեռնարկությունների միջոցով» ծրագրերը կիրականացվեն 2018- 2019 թվականներին՝ ներգրավելով մարզերի բնակիչներին և նպաստելով նրանց բարօրությանը, ասված է հաղորդագրությունում: