Բավ է պառակտվել
14-02-2022 11:20

Եվրամիությունը կոչ է արել Թուրքիային հարգել հունական կղզիների ինքնիշխանությունը

Եվրոպայի արտաքին գործողությունների ծառայության (EBU) պաշտոնական ներկայացուցիչը Թուրքիային կոչ է արել հարգել Հունաստանի ինքնիշխանությունը և հակաարդյունավետ է անվանել Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հայտարարությունները հունական կղզիների մասին։

«Վերջերս տված հարցազրույցում Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի մեկնաբանությունները, որտեղ նա վիճարկում էր Հունաստանի ինքնիշխանությունը իր որոշ կղզիների նկատմամբ, հակաարդյունավետ են և հակասում են Արևելյան Միջերկրական ծովում դեէսկալացիային ուղղված ջանքերին, որոնք նախատեսված են Եվրոպական խորհրդի 2021 մարտի 23-ի և հունիսի 24-25-ի եզրակացություններում», - ասված է կիրակի երեկոյան Բրյուսելում տարածված հաղորդագրությունում։

Interfax-ի փոխանցմամբ՝ փաստաթղթում ընդգծվում է, որ «այդ կղզիների նկատմամբ Հունաստանի ինքնիշխանությունը կասկածի տակ չի դրվում»։

«Թուրքիան պետք է հարգի այն, ձեռնպահ մնա այս կապակցությամբ սադրիչ հայտարարություններից և գործողություններից, անվերապահորեն հավատարիմ մնա բարիդրացիական հարաբերություններին և աշխատի ցանկացած վեճերի խաղաղ կարգավորման ուղղությամբ», - ասվում է EBU-ի ներկայացուցչի հայտարարության մեջ:
Բրյուսելը մատնանշում է, որ «միջազգային համաձայնագրերը պետք է հարգվեն»։

Օրերս Չավուշօղլուն թուրքական TRT հեռուստաալիքին տված հարցազրույցում հերթական անգամ բարձրացրել է հունական մի շարք կղզիների ապառազմականացման ու ինքնիշխանության հարցը։ Նա հայտարարել է, որ Աթենքի կողմից այս կղզիների շարունակական ռազմականացումը կասկածի տակ կդնի նրանց ինքնիշխանությունը: