Բավ է պառակտվել
13-04-2016 10:30

Իրավիճակի էսկալացիան պարզ դարձրեց, որ ԼՂ հակամարտությունը չունի ռազմական լուծում

Ստրասբուրգում անցկացվող Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստում նախօրեի ուշ երեկոյան տեղի ունեցավ «Լեռնային Ղարաբաղի իրավիճակի շուրջ» քննարկում։ Քննարկման մեկնարկին հայտարարությամբ հանդես եկավ ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին։

Մոգերինին իր խոսքում նշեց, որ տեղի ունեցած իրադարձությունները հուշում են, թե որքան վտանգավոր կարող է լինել ձգձգված հակամարտությունը։

«Մենք մեծացնում ենք հակամարտության լուծմանն ուղղված մեր ջանքերը, որն արդեն իսկ շատ ռատապանքներ է առաջ բերել։ Այն նաև վտանգ է ներկայացնում տարածաշրջանային անվտանգության համար։ Հարավային Կովկասը խիստ կարևոր է Եվրոպայի համար։ Լայնամասշտաբ հակամարտությունը ոչ մեկի շահերից չի բխում և այն ոչ մի տեղ չի կարող տանել»,-ասաց Մոգերինին։
Մոգերինին նշեց, որ ապրիլի 2-ից հետո տեղի ունեցած բռնությունները 1994թ․-ի հրադադարի հաստատումից ի վեր աննախադեպ էին, ծանր զինտեխնիկայի կիրառում, զոհեր՝ անգամ քաղաքացիների շրջանակներում։ Մոգերինիի խոսքերով, Բաքվի և Երևանի կողմից արվող հայտարարությունները պարզ են դարձնում, որ առկա են լուրջ վտանգներ, եթե իրավիճակն արագ չհանդարտվի։
«Ապրիլի 2-ին ես անմիջապես կոչ արեցի կողմերին դադարեցնել կրակը և պահպանել հրադադարը, զերծ մնալ ցանկացած գործողությունից կամ հայտարարությունից, որը կարող էր հանգեցնել էսկալացիայի։ Ես վերահաստատեցի իմ աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին՝ որպես այս հակամարտության կարգավորման միջազգայնորեն հաստատված ֆորմատ։ Հարավային Կովկասում մեր հատուկ ներկայացուցիչը կլինի տարածաշրջանում այս շաբաթ»,-ասաց ԵՄ բարձր ներկայացուցիչը։ Մոգերինին հույս հայտնեց, որ խորհրդարանականները ևս կարող են իրենց ներդրումն ունենալ խորհրդարանական մակարդակում, ինչպես նաև քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ համագործակցելով։ «Էսկալացիան առավել պարզ դարձրեց, որ հակամարտությունը չունի ռազմական լուծում։ Տեղում զարգացումները պահանջում են լինել զգոն և շարունակել պնդել հրադադարի ռեժիմի խիստ պահպանում և շարժվել դեպի խաղաղ գործընթաց։ Հատկապես պետք է դադարեցվի քաղաքացիների թիրախավորումը։ Անհրաժեշտ է քաղաքական լուծում, անհրաժեշտ է քաղաքական նպատակ, որ կողմերը վերսկսեն բանակցությունները՝ հակամարտության համապարփակ կարգավորման համար։ Մինսկի խումբն ու համանախագահներն այնտեղ են՝ շարունակելու միջնորդությունը։ ԵՄ-ն աջակցում է հակամարտության կագավորմանը՝ համանախագահների կողմից առաջարկված Մադրիդյան սկզբունքների հիման վրա։ Սակայն վերջին հաշվով մենք լավ գիտենք, որ հակամարտության լուծումը գտնվում է այս հակամարտության կողմերի ձեռքերում։ Նրանք պետք է պատրաստ լինեն դեպի խաղաղություն տանող բովանդակալից փոխզիջումների։ Հրադադարի պահպանման և բանակցություների վերսկսման հետ միասին պետք է ստեղծել այնպիսի միջավայր, որը կնպաստի առաջընթացին։ Գործողությունները կամ հայտարարությունները, որ կարող են առավել բարդացնել արդեն իսկ բարդ միջավայրը, պետք է դադարեցվի»,-ասաց ֆեդերիկա Մոգերինին։ Եվրամիությունն ամբողջությամբ աջակցում է այնպիսի գործողություններին, որ կարող են օգնել, որպես օրինակ զինվորների մարմինների վերադարձն իրենց ընտանիքներին։ Մոգերինիի խոսքերով, անհրաժեշտ են նաև նոր ջանքեր, որոնք կուղեկցեն քաղաքական գործընթացները, որոնցից, ի թիվս այլոց, պետք է ընդլայնել անվտանգության միջոցառումները, ինչպիսն է ԵԱՀԿ-ի կողմից առաջարկված հրադադարի ռեժիմի խախտումների հետաքննության մեխանիզմները․«Սա այն մեխանիզմն է, որին Եվրոպական միությունը սատարել է»։ «Այս ողբերգական բռնություններից հետո բանակցությունների և վստահության մասին խոսելը, շատ լավ գիտեմ, կարող է անտեղի հնչել, սակայն սա միակ խոհեմ բանն է, որ պետք է անել։ Բանակցությունների այլընտրանքը կլինի ավելի շատ մահ ու ավելի շատ ոչնչացում։ Բոլորը հասկանում են, որ ստատուս-քվոն կարող է տանել ավելի մեծ բռնությունների, և սա հենց այն է, ինչ տեղի ունեցավ։ Թույլ տվեք ստեղծված իրավիճակն օգտագործել դեպի խաղաղություն տանող հնարավորություն»,-եզրափակեց խոսքը Ֆեդերիկա Մոգերինին։