Բավ է պառակտվել
19-02-2021 19:14

«Իմ քայլը» խմբակցությունը պատրաստ է աջակցել ընդդիմությանը․Մակունց


ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցը լի էր իրարամերժ պնդումներով, որ ավելի շատ հարցեր են առաջացրել, քան պատասխաններ են տվել: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

«Այդ շեշտադրումները, որ անում է երրորդ նախագահը, ինքը և իր քաղաքական թիմը դրանցով չեն վարել հանրային քաղաքականություն, դրանք որևէ կերպ արտացոլված չեն եղել իրենց թե հանրային քաղաքականությունում, ու թե խոսքում, օրինակ՝ 2017 թ.նախընտրական ժամանակաշրջանում կամ թեկուզ 2018 թ. արտահերթ ընտրությունների ընթացքում, չեն եղել նաև 2019-ին կամ 2020 թ.պատերազմի ընթացքում»,- ասաց նա:

Մակունցի խոսքով՝ հարցերի հարցն է, թե ինչին էին սպասում, ինչու է այս հարցազրույցը լինում այն ժամանակ, երբ դրա անհրաժեշտությունն արդեն չկա: Անդրադառնալով ընդդիմության՝ փետրվարի 20-ին կայանալիք հանրահավաքին և ընտրություններ անցկացնելու որոշումից հետ կանգնելուն՝ Մակունցը նշեց.
«Մենք չենք նշել, որ ինչ-որ բանից հետ ենք կանգնում, առավել ևս՝ այն պատճառով, որ չկա հանրային պահանջ: Մենք արձագանքում ենք ընդդիմության իշխանափոխության առաջարկին, որը տեսնում ենք բացառապես ընտրությունների միջոցով, ասում՝ եթե ընդդիմությունը գտնում է,որ նման անհրաժեշտություն կա, մենք առարկություն չունենք: Ընդդիմությունը մեր ձեռքմեկնմանը դրական չի արձագանքել»:

Մակունցը նշեց, որ ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը պատրաստ է աջակցել ընդդիմությանը՝ ստեղծելու ԱԺ քննիչ հանձնաժողով, որը կուսումնասիրի Արցախի պատերազմին առնչվող հանգամանքները: Մակունցը նշեց, «Լուսավոր Հայաստան»-ի առաջարկած՝ պարիտետային փաստահավաք հանձնաժողով ստեղծելու հնարավորություն չեն տալիս Սահմանադրության գործող կարգավորումները:

ԼՀԿ-ն առաջարկում է ստեղծել պարիտետային փաստահավաք հանձնաժողով, որը կուսումնասիրի մինչպատերազմյան իրավիճակն ու պատերազմի ընթացքը, արդյունքը: «Իմ քայլը» ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանին առաջարկել է այլ տարբերակ՝ ԱԺ քննիչ հանձնաժողովի տարբերակը, նաև առաջարկել է պետաիրավական հանձնաժողովի կազմով հանդիպում ունենալ, քննարկել, թե արդյոք կարող են լրացուցիչ կարգավորումներով ուժեղացնել քննիչ հանձնաժողովի մանդատը:

«Մենք Էդմոն Մարուքյանի հետ քննարկել ենք այդ հարցը, քաղաքական մեծամասնությունն իր պատրաստակամությունը հայտնել է, մենք ասել ենք, որ ողջունում ենք քննիչ հանձնաժողով ստեղծելը, ուսումնասիրություններ կատարելը՝ակներև դարձնելն այն ամենը, ինչը հարցեր է հարուցում»,- ասաց Մակունցը: