Բավ է պառակտվել
13-01-2021 15:29

«Իմ քայլը» խմբակցությունը ԲԴԽ անդամի պաշտոնում կառաջադրի Գագիկ Ջհանգիրյանի թեկնածությունը

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում կառաջադրի նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի թեկնածությունը: Այս մասին Ջհանգիրյանն ասաց լրագրողների հետ զրույցում:
«Ես համաձայնել եմ թվապես մեծամասնություն խմբակցության կողմից առաջադրվելուն, բայց ես քաղաքական պաշտոն չեմ զբաղեցնում, քաղաքական թիմի անդամ չեմ դառնում: Ես գնում եմ մասնագիտական աշխատանքի»,- ասաց Ջհանգիրյանը:
Ինչ վերաբերում է իր 65 տարին լրացած լինելուն և օրենքով սահմանված տարիքային սահմանափակումներին, նա կոչ արեց բացել օրենսգրքի 86-րդ հոդվածը, որը վերաբերում է լիազորությունների դադարեցման հիմքերին և նշեց, որ դրանով տեսնել, որ դատավորների համար տարիքային սահմանափակումներ նախատեսվում են, իսկ իրավաբան-գիտնականների համար տարիքային առավելագույն սահման նախատեսված չէ:
«Ինձ առաջարկել է խմբակցությունը, ոչ թե վարչապետը, իսկ մնացած հարցերում դուք գիտեք, որ ԲԴԽ անդամը պետք է քաղաքական զսպվածություն ցուցաբերի»,-ասաց նա:
Հիշեցմանը, որ ժամանակին ինքը Նիկոլ Փաշինյանի ներկայացրած նախագիծը անգրագիտություն էր որակել, նա էլ ասել էր՝ ով իմ նախագիծը անգրագիտություն է ասում, անգրագետն ինքն է, ինչպե՞ս է պատկերացնում աշխատանքը Փաշինյանի հետ, Ջհանգիրյանն արձագանքեց. «Ձեր այդպիսի գայթակղություններին չեմ տրվի, այդ անցած-գնացած… ես էլ հարյուրավոր լավ էպիզոդներ կարող եմ վկայակոչել իմ ու Փաշինյանի համատեղ քաղաքական գործունեության որպես կալանավոր, բանտարկյալ գործունեության, բայց դրա ժամանակը չէ»:

Լրագրողների հիշեցմանը, թե Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ դուք երազում եք գլխավոր դատախազ դառնալ, նա արձագանքեց. «Նիկոլ Փաշինյանն է ասե՞լ, չգիտեմ։ Գիտեմ, որ Նիկոլ Փաշինյանը դեռևս անազատության մեջ մի հոդված է գրել, որտեղ ինքը հայտարարում էր՝ ինքը գտել է Հանրապետության գլխավոր դատախազի թեկնածուին՝ հանձինս Գագիկ Ջհանգիրյանի։ Ես տվել եմ համաձայնությունը ԲԴԽ իրավաբան-անդամ առաջադվելուն. իմ որոշումը դա է»:
Ինչ վերաբերում է իր դատախազ եղած տարիների ժամանակ տարբեր գնահատականներին, Գագիկ Ջհանգիրյանը հարց բարձրացրեց, թե որ հանցագործությունն է կոծկվել իր դատախազ եղած ժամանակ:

«Մատաղիսի գործով, երբ դատապարտյալները ազատվել են կալանքից և բաց են թողնվել, ես արդեն պաշտոնավարել եմ Գլխավոր դատախազությունում, և զինվորական դատախազը եղել է Արմեն Խաչատուրյանը»,-ասաց նա և նշեց, որ Գևորգ Կոստանյանի ժամանակ գործն ավարտին է հասցվել:

Մովսես Հակոբյանի հայտարարության վերաբերյալ նա նախ նշեց, որ քաղաքական հայտարարություններին չի անդրադառնում, սակայն ավելացրեց, որ նախկին բարձրաստիճան զինվորականը երբեք իրեն այդպիսի հայտարարություններ անելու իրավունք չպետք է վերապահի:
Հարցին, թե ճնշումներ տեսնում է դատական համակարգի վերաբերյալ, նա ասաց, որ եթե իշխանությունը ճնշումներ գործադրեր, դատական համակարգը հլու-հնազանդ կծառայեր:
ԲԴԽ անդամի պաշտոնում ընտրվելու համար թեկնածուին անհրաժեշտ է ԱԺ պատգամավորների թվի 3/5-ից ավելիի «կողմ» ձայները:

Արմինե Գևորգյան