Բավ է պառակտվել
26-04-2021 22:06

«Իմ քայլը» խմբակցությունը վարչապետի պաշտոնում առաջադրել է Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը

«Իմ քայլը» խմբակցությունը վարչապետի պաշտոնում առաջադրել է Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը, հայտնել են «Արմենպրես» գործակալությանը Հայաստանի Աժ «Իմ քայլը» խմբակցությունից։

«ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը, առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով եւ 140-րդ հոդվածով, ՀՀ վարչապետի պաշտոնում առաջադրել է Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ այս գործընթացն անհրաժեշտ է ԱԺ-ն արձակելու եւ հունիսին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու համար:

ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանը երկուշաբթի հայտարարել է, որ Հայաստանի Ազգային ժողովը կքննարկի վարչապետի ընտրության հարցը մայիսի 3-ի արտահերթ նիստի ժամանակ։

Ընտրությունները Հայաստանում

Ս․թ․ մարտի 18-ին, Հայաստանի նախագահի և խորհրդարանական ուժերի հետ քննարկումներից հետո Փաշինյանը հայտարարեց, որ հունիսի 20-ին Հայաստանում կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Սահմանադրության համաձայն, խորհրդարանը կարող է լուծարվել միայն այն դեպքում, երբ վարչապետը հրաժարական ներկայացնի, և պատգամավորները երկու անգամ չընտրեն նոր վարչապետ: Դրանից հետո խորհրդարանը համարվում է լուծարված օրենիք ուժով, և անց են կացվում արտահերթ ընտրություններ։

Ապրիլի 25-ին Փաշինյանը և կառավարություն անդամները հրաժարական տվեցին, ինչն ընդունվեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կողմից։

Համաձայն ՀՀ օրենսդրության, վարչապետի հրաժարականից հետո յոթօրյա ժամկետում Ազգային ժողովի խմբակցությունները կարող են թեկնածուներ ներկայացնել։ Հակառակ դեպքում անցկացվում են նոր ընտրություններ, որոնց կարող են մասնակցել պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի կողմից առաջադրված թեկնածուները։