Հայաստանի Ազգային ժողովի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չի սատարի ընդդիմության արձագանքին Ադրբեջանի խորհրդարանի հայտարարությանը, թե Արցախն իբր Ադրբեջանի մաս է։
Ադրբեջանի խորհրդարանի հայտարարության մեջ ասվում է նաև, որ ղարաբաղյան հակամարտությունն արդեն լուծված է, Ղարաբաղի հարցը փակված է, և այն գտնվում է Ադրբեջանի կազմում։
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը, մասնավորապես, նշել է, որ անհրաժեշտ է օգտագործել միջազգային հանրության կողմից ընդունելի տերմինաբանություն։
«Այն ձևակերպումները, որոնք առաջարկվում են, ոչ միայն չեն նպաստում (միջազգային հանրության հետ՝ խմբ.) համախմբմանը, այլ ընդհակառակը, կստեղծեն Հայաստանի այս ուղուց շեղվելու սպառնալիքներ»,- ասաց նա։
Ի պատասխան՝ «Հայաստան» խմբակցության ընդդիմադիր պատգամավոր Ագնեսա Խամոյանը նշեց, որ իշխող խմբակցությունն առաջարկում է հանել «հանրապետություն», «ինքնորոշում» եզրույթները և մեղադրեց իշխանություններին այն բանում, որ հրաժարվում է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքից, և որ իրենց «խաղաղության դարաշրջանի» քաղաքականությունը հետ չի պահել Ադրբեջանին ագրեսիայից։
Աղաջանյանը պատասխանեց, որ խմբակցության դիրքորոշումն ուղղված է արցախահայության անվտանգության միջավայրի ամրապնդմանը։
Հայաստանի ընդդիմությունը խորհրդարանին առաջարկել է միջազգային հանրությանը կոչ անել.
- գնահատական տալ ադրբեջանական ագրեսիային, և դատապարտել Հայաստանի ու Արցախի տարածքների բռնազավթումը,
- պատասխանատվության ենթարկել և պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ՝ ռազմական հանցագործությունների համար,
- նպաստել ՄԱԿ-ի կանոնադրության լիարժեք իրագործմանը՝ սատարելով Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացմանը։
- դիմել է միջազգային հումանիտար կազմակերպություններին՝ գործուն քայլեր իրականացնել հայ ռազմագերիների ու այլ պահվող անձանց վերադարձի հարցում։