Բավ է պառակտվել
12-11-2022 13:57

Ֆրանսիան պատրաստ է աշխատել Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորման ուղղությամբ․ ԱԳՆ ղեկավար

Ֆրանսիան վճռական է աշխատել Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորման ուղղությամբ՝ Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ լիակատար հարգանքով։ Այս մասին Twitter-ում գրել է Ֆրանսիայի արտգործնախարար Կատրին Կոլոննան՝ նախօրեին Փարիզում իր հայ գործընկեր Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից հետո։

«Ուրախ էի ընդունել իմ հայ գործընկեր Արարատ Միրզոյանին՝ մեր հիանալի երկկողմ հարաբերությունները խորացնելու նպատակով»,- գրել է Կոլոննան։

Կոլոննայի հետ հանդիպման ժամանակ հայ նախարարը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի մշակման հետ կապված վերջին զարգացումները, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի, տարածաշրջանի տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումը:

Միրզոյանն ընդգծել է, որ Ադրբեջանի առավելապաշտական մոտեցումներն ու ռազմատենչ հռետորաբանությունը խաթարում են տարածաշրջանում անվտանգության և կայունության հաստատմանն ուղղված ջանքերը: