Բավ է պառակտվել
21-09-2021 12:04

Ֆրանսիան ջանք չի խնայի ղարաբաղյան հակամարտության տևական լուծում գտնելու համար. Մակրոնը հայ ժողովրդին աջակություն է խոստացել

Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին՝ Հայաստանի Անկախության օրվա առթիվ: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի մամլո ծառայությունից:
«Գնահատում եմ այն նշանակալի ուղին, որ ուղիղ 30 տարի առաջ անկախության ձեռքբերումից ի վեր, ժամանակակից և ժողովրդավարական պետություն կերտելու համար, անցել է հայ ժողովուրդը: Այսպիսով՝ հաղթահարելով մի շարք փորձություններ՝ Ձեր երկրին հաջողվել է ամրապնդել ինստիտուտների գործունեությունը: Ֆրանսիան և Հայաստանը կապված են պատմության մեջ խորապես արմատացած առանձնաշնորհյալ հարաբերություններով: Այդ սերտ և վստահելի բարեկամական հարաբերություններն այսօր էլ շարունակվում են բոլոր ոլորտներում: Հուսով եմ, որ մեր երկկողմ հարաբերությունների հարստությունը հանդիսացող այդ կապն ավելի կխորանա համագործակցության ամենատարբեր ոլորտներում, ինչպիսիք են մշակույթը, կրթությունը, առողջապահությունը կամ տնտեսությունն», - ասվում է ուղերձում:
Նշվում է, որ Ֆրանսիան ցանկանում է տարածաշրջանում խաղաղության դերակատար լինել, և այդ ոգով է, որ Հայաստանի կողքին է՝ օգնելու նրան հաղթահարել Լեռնային Ղարաբաղի արյունալի պատերազմից մեկ տարի անց իր առջև ծառացած մարտահրավերները: Այս առումով, Ֆրանսիան մասնավորապես ձեռնամուխ կլինի տարածաշրջանի մշակութային և հոգևոր ժառանգության պահպանմանը, որն արտացոլում է Հարավային Կովկասի առանձնահատկությունն ու հարստությունը:
«Մենք ջանք չենք խնայելու՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում գտնելու հակամարտության տևական լուծում և հանգելու Հարավային Կովկասում իրավիճակի կայունացման՝ ի նպաստ տարածաշրջանի զարգացման և բարգավաճման: Դա ենթադրում է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության վերսկսում՝ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո: Ֆրանսիան, որպես համանախագահող երկիր, պատրաստակամ է իր աջակցությունը ցուցաբերել այդ հարցում»,-ասվում է ուղերձում:
Սեպտեմբերի 21-ին Հայաստանը նշում է անկախության 30-ամյակը: